Ղազախստանը խաղաղասեր պետություն է

Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի խոսքով, Ղազախստանը կողմ է կովկասյան տարածաշրջանում վիճելի հարցերի խաղաղ կարգավորմանը:
Ըստ դեսպանի, իր երկրի համար առաջնահերթությունը քաղաքակրթությունների երկխոսությունն է:
“Ղազախստանում ապրում է շուրջ 140 ազգություն եւ կան մոտ 40 կրոններ: Ղազախստանը միշտ հանդես է գալիս կովկասյան տարածաշրջանում վիճելի հարցերը խաղաղ կարգավորելու օգտին: Մեզ համար կարեւոր է , որ տարածաշրջանը կայուն լինի”,-ասաց նա:
Իսկ հունվարի 15-ին Ղազախստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են նաեւ Հայաստանում բնակվող Ղազախստանի քաղաքացիները
“Ամբողջ աշխարհում Ղազախստանի դիվանագիտական ներկայացուցչություններում բացվելու են 56 ընտրական տեղամասեր: Հայաստանում բացվելու է 219-րդ տեղամասը, որտեղ գրանցված են 30 ընտրողներ”,-չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դեսպանը:
Դեսպանի գնհատմամբ, քաղաքական առումով Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ի տարբերություն տնտեսական ոլորտի:
Դրա պատճառը, ըստ դիվանագետի, Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ուղղակի հաղորդակցման հնարավորության բացակայությունն է: Ներկայումս ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 9 միլիոն դոլար: Ղազախստանից Հայաստան հիմնականում ներմուծվում են մետաղ եւ ցորեն, իսկ Հայաստանից Ղազախստան` ոսկերչական զարդեր, կոնյակ, քարի վերամշակման սարքավորումներ: