Սպիտակի եւ Հրազդանի քաղաքապետերից բացի, էլի թեկնածուներ կան

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության գյուղական մի քանի համայնքներում, Սպիտակ եւ Հրազդան քաղաքներում: Առաջադրումները արդեն սկսվել են, եւ ցանկացողները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնել մինչեւ հունվարի 13-ը: Թիվ 29 ԸԸՀ-ից Henaran.am-ին տեղեկացրին, որ Սպիտակի
քաղաքապետի համար առայժմ մեկ թեկնածու է առաջադրվել. գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գագիկ Սահակյանը:

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյան
Թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից էլ տեղեկացանք, որ Հրազդանի համայնքի ղեկավարի համար արդեն 3 թեկնածու համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են:
Նրանք են Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը եւ նրա խորհրդական Հովհաննես Պրտավյանը:

Սասուն Միքայելյան
Չնայած դեռ չի սկսվել նախընտրական քարոզարշավը, բայց Հրազդանի քաղաքապետի առաջադրված եւ հավանական թեկնածուները “ջանք ու եռանդ” չեն խնայում մամուլում իրար “ձեռնոց” նետելու: Նշենք, որ Սասուն Միքայելյանը խոսելով Վալերիկ Հովասյանի մասին` նախ ասել է, որ չի ճանաչում նրան. “Թող սոսկեն բերնից հանի, նոր..”,-ասել էր Ս. Միքայելյանը:

Վալերիկ Հովասյան
Henaran.am-ը զրուցեց Վալերիկ Հովասյանի հետ: Նա, նախ Սասուն Միքայելյանին խորհուրդ տվեց` ընտրապայքարի մեջ մտնել կոռեկտ, առանց ավելորդ արտահայտությունների` անկախ այն հանգամանքից, ինքը կառաջադրվի, թե ոչ:
” Կարծում եմ, երբ Սասուն Միքայելյանը հիշի թե ով եմ ես, ինչ արմատներից եմ սերվել, հավանաբար այլ կարծիք կունենա”,-ասաց Վ. Հովասյանը: