ԱԱԽ քարտուղարի գործուղումը շարունակվում է
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Մինսկում է: Արթուր Բաղդասարյանի եւ իր գործընկերոջ` Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Լեոնիդ Մալցեւի` օդանավակայանում տեղի ունեցած առանձնազրույցից հետո շարունակվել են ԱԱԽ քարտուղարի գլխավորած պատվիրակության պաշտոնական հանդիպումները:
Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության եւ պարենամթերքի նախարար Միխայիլ Ռուսիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրներում պարենային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծվել է այս ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, եւ նախանշվել են հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, որոնց կենսագործմանն ուղղված հետագա քայլերի իրականացման նպատակով սույն թվականի փետրվար-մարտ ամիսներին Միխայիլ Ռուսիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Այնուհետեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետության արդյունաբերության առաջին փոխնախարար Իվան Դեմոդեւիչի ուղեկցությամբ այցելել է “Մինսկի տրակտորների գործարան” եւ ծանոթացել ձեռնարկության հզորությունների հետ: Այցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում բելառուսական տրակտորների սպասարկման կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր:
Այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է նաեւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-բելառուսական կապերի խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախատեսվում է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկոշենկոյի հետ, ինչպես նաեւ կստորագրվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի եւ Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղարության միջեւ 2012-2013թթ. համագործակցության ծրագիրը: