Անկարայում հարձակվել են քրդերով բնակեցված թաղամասի վրա. քրդերը լքում են շրջանը
Թուրքիայի Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների հարձակումից հետո գյուղատնտեսական ոլորտի քուրդ աշխատողները սկսել են լքել Անկարայի Բեյփազար շրջանը, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ի գիշերը Բեյփազար շրջանի Զաֆեր թաղամասում, որտեղ հիմնականում քրդեր են բնակվում, կրակոցներ են լսվել:
Թերթը հայնտում է, որ դեպքի վերաբերյալ ստացված տեղեկություներ հակասական են:
«Անիծվի ահաբեկչությունը» ցույցի կազմակերպիչները հայտնել են, թե Զաֆեր թաղամասով անցնելիս իրենց շարասյան վրա հարձակվել են: Իսկ այդ թաղամասի բնակիչները տեղեկացրել են, թե հարձկումը կատարել են մի խումբ անձիք, որոնք ցուցադրել են գորշ գայլերի հայտնի ժեստը:
Իսկ ահա շրջանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Մեհմեթ Յայընը հայտնել է, որ դեպքը սկսել են հենց ավտոարշավ իրականացնողները, ովքեր Զաֆեր թաղամասով անցնելիս քարեր են նետել տների վրա, մի քանի բանվորական միկրոավտոբուս հրդեհել:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության շրջանային կառույցի նախագահ Ալի Ույսալն էլ հայտնել է, որ հարձակումն իրականացնողները որևէ կուսակցության չեն պատկանում և հիմնականում «15-18 տարեկան երեխաներ են», որոնց մեծ մասին անձամբ է ճանաչում:
Նույնը պնդել է նաև «Ազգայնական շարժում» կուսակցության շրջանային կառույցի նախագահ Համդի Այանօղլուն:
Իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Աբդո Օները, որը նույնպես լքել է Զաֆեր թաղամասը, հայտնել է, որ բացի սեզոնային աշխատողներից շրջանը լքում են նաև տեղացիները: «Ես 17 տարի է Բեյփազարում եմ բնակվում: Հեռացողների մեջ անգամ մարդիկ կան, որոնք 50 տարի այնտեղ են ապրել»,-հայտնել է քրդամետ կուսակցության ներկայացուցիչը:
Ըստ որոշ տվյալների՝ շրջանից 600-700 քուրդ աշխատող է հեռացել:
Աղբյուր` Ermenihaber.am