“Օրինաց երկրի” նախագա՞հը թե՞ Արթիկի ոստիկանապետն է քրեական հեղինակության հովանավորը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով՝ Շիրակի մարզի բնակիչ Անուշավան Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության մեջ գտնվող՝ ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Լուկաշ Մինասյանին առեւանգելու համար՝ ՀՀ քրեական օրենքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը`կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով/:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Անուշավանը` իր գետափցի ընկերների հետ միասին Արթիկի հրապարակում ծառայություն կատարող ոստիկան Լուկաշ Մինասյանին առեւանգել էր, տարել ծանոթի սրճարան եւ ծեծել: Արթիկում պտտվող խոսակցությունների համաձայն, Անուշավանը ոստիկանից պատիվ էր պահանջել իր խաբված եղբոր համար: Ոստիկանի եղբայրը, որը այժմ Ռուսաստանում է, աշխատեցրել ու խաբել էր քրեական հեղինակության եղբորը:
Ըստ քննչական ծաառյության հաղորդագրության, “իր կյանքին եւ առողջությանը սպառնացող հանցավոր ոտնձգությունը կանխելու նպատակով ոստիկանն իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակից վեց կրակոց է արձակել, որոնցից 3-ը՝ օդ, իսկ 3-ը՝ Ա. Բաղդասարյանի ոտքերի ուղղությամբ, ու վիրավորել վերջինիս”: Անուշավան Բաղդասարյանը կալանավորված է: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, նա ազգակցական կապ ունի “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ համոզված էր, որ չի պատժվելու:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Անուշավան Բաղդասարյանը մտերիմ հարաբերություններ ունի նաեւ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի հետ, եւ վերջինս նրա կատարած արարքները միշտ թաքցնում էր եւ գործը փակում: Henaran.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել անձամբ ոստիկանապետից, սակայն արդեն 3 օր է, մեր հեռախոսազանգերին Արթիկի ոստիկանությունից անընդհատ պատասխանում են` “պետը տեղում չէ”, “պարոն Պետրոսյանը վարչության պետի մոտ է”, “պետը գործով դուրս է եկել”:
Ի դեպ, ըստ լրատվամիջոցների քրեական հեղինակություն համարվող Անուշավան Բաղդասարյանը լավ անուն ունի Արթիկի շրջակա գյուղերում եւ խոստացել էր ոստիկանապետին, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կօգնի եղբորը` Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանին` պատգամավոր ընտրվելու:
Արմեն Դավթյան