25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դուք ձեր աշխատանքով կարող եք …

Օգոստոսի 31-ին` նոր ուսումնական տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ: 

Արարողությունը սկսվեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի ողջույնի խոսքով: Սրբազանը ներկաներին մաղթեց, որ նրանց գիտակցության մեջ միշտ թարմ մնա թարգմանչաց ոսկեդարյան շրջանի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եռամեծար վարդապետների ոգին:

«Նրանք իրենց աշխատանքին ու գործին լծվեցին պատասխանատվության բարձր և վեհ գիտակցությամբ. պատասխանատու էին իրենց հայրերի, Աստծու, ժողովրդի և իրենց Եկեղեցու առջև: Այս պատասխանատվության զգացումն ենք մաղթում ամենքիդ 2015-2016 ուսումնական տարեշրջանի համար, բայց երբեք չբավարարվելու պատասխանատվության զգացումով, այլ այն վերածելու հանձնառության…` մեր զավակների կրթության ու դաստիարակության գործը ձեր ուսերին առնելու», – նշեց Վարդան Սրբազանը:

Այնուհետև նախագահությամբ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի կատարվեց օրհնության կարգը, որի ավարտին կրթության ոլորտի պատասխանատուներին և մշակներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Գիտելիքի օրվա և նոր՝ 2015-2016 ուսումնական տարվա մեկնարկի առիթով իր օրհնությունը բերելով կրթության ոլորտի ներկայացուցիչներին` Նորին Սրբությունը մաղթեց, որ հայ ազգի զավակները նրանց խնամքի ու դաստիարակության շնորհիվ աճեն ու հասակ առնեն որպես Հայաստանի արժանավոր քաղաքացիներ և Հայոց Եկեղեցու արժանավոր զավակներ, դառնան Հայրենիքի հույսը, ժողովրդի բարօր ու պայծառ օրվա կերտողները: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավորապես անդրադարձավ արարողության ժամանակ ընթերցված սերմնացանի ավետարանական առակին և մանկավարժի կերպարին:

«Կրթության դաշտում սերմնացանները կրթության ոլորտի մշակներդ եք. դուք ձեր աշխատանքով կարող եք մեր զավակների հոգիները վերածել և´ այրված ժայռերի, և´ չոր ճանապարհների, և´ մոլախոտերով, փուշ ու տատասկով ծածկված անդաստանների: Ձեր աշխատանքով դուք կարող եք մեր զավակների հոգիները դարձնել բերրի արտեր, եթե հոգածությամբ ու խնամքով, նախանձախնդրությամբ և պատասխանատվության զգացումով իրականացնեք ձեր աշխատանքը…», – նշեց Գարեգին Բ Հայրապետը` մաղթելով, որ նրանց ներդրած ջանքերը շարունակ արդյունավետ լինեն, իսկ վաստակը միշտ արժանիորեն գնահատվի ինչպես ուսանողների, այնպես և մեր ժողովրդի բոլոր զավակների կողմից: Նորին Սրբությունը հայցեց, որ Տիրոջ օրհնությունը միշտ ուղեկից լինի ներկաներին և առաջնորդի մանկավարժի պատվական ծառայության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ