22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը պատրաստակամ է շարունակել երիտասարդների հետ ծրագրերի քննարկումը

ՀՀ նախագահ, Երեւանի պետական համալսարանի  խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ԵՊՀ խորհրդի նիստին: Խորհրդի կողմից հաստատված օրակարգը ներառել է ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ինչպես նաեւ համալսարանի 2011թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի ու 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատման վերաբերյալ հարցերը:

Մինչ օրակարգին անցնելը, նախագահն անդրադարձել է տարիներ առաջ ԵՊՀ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների հետ իր հանդիպումների արդյունքում սկիզբ դրված եւ հաջողությամբ իրականացվող մի քանի ծրագրերի. “Առաջին այդպիսի ծրագիրը եղավ արտասահմանյան 20 առաջնակարգ բուհերում սովորող հայ երիտասարդների ուսման վարձերի հոգսը հոգալը, եւ այսօր 148 երիտասարդներ,  ովքեր սովորում են աշխարհի լավագույն բուհերում, “Լույս»” հիմնադրամի շահառուներն են:

Երկրորդ այդպիսի ծրագիրը երիտասարդ գիտնականների, մանկավարժների, դասախոսների, նկարիչների, լրագրողների համար բնակարանային ապահովման ծրագիրն է, որի մի մասն արդեն իրականացվել է: Մինչեւ 2013թ. մայիս ծրագրի այդ փուլը կավարտենք, որի արդյունքում 1300 երիտասարդ մտավորականներ ապահովված կլինեն իրենց համար մատչելի բնակարաններով:

Հաջորդ ծրագիրը երիտասարդ գիտնականների համար մի հիմնադրամի ստեղծումն էր, որի մասին նրանց հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվել ենք, եւ այդ ծրագիրն արդեն գտնվում է իրականացման փուլում: Բացի այն ծրագրերից, որոնք իրականացնում է պետությունը, այս ծրագիրը հավելյալ խթան կհանդիսանա երիտասարդ գիտնականների համար:

ԵՊՀ մյուս այդօրինակ ծրագիրը լաբորատորիաների վերազինումն էր: Այս ուղղությամբ մենք մեր պարտավորությունները կատարել ենք եւ սպասում ենք նոր առաջարկությունների”,-ասել է ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ ցանկը կարելի է շարունակել՝ թվարկելով եւս մի շարք ծրագրեր, սակայն կարեւորը դրանց քանակը չէ, այլ այն, որ համալսարանի կոլեկտիվը, ուսանողները, դասախոսները չեն սահմանափակվում միայն ներբուհական խնդիրներով:

Նախագահը նշել է, թե ուրախ է, որ հանդիպումների ժամանակ բարձրացվում են հարցեր, որոնք կենսական են եւ կարեւոր նաեւ ընդհանուր կրթության եւ գիտության համար: Երիտասարդների հետ հանդիպումները օգտակար եւ արդյունավետ համարելով՝ Սերժ Սարգսյանը վերահաստատել է դրանք շարունակական դարձնելու իր պատրաստակամությունը:

Այնուհետեւ խորհուրդն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, որոնք զեկուցել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Համալսարանի 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության շրջանակներում ռեկտորը ներկայացրել է նշված ժամանակահատվածում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքը,  ԵՊՀ 2010-2014թթ. զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2010-2011թթ. ուստարվա գործողությունների, ինչպես նաեւ ԵՊՀ-ում կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների ծրագրի 2011թ. գործողությունների կատարողականները:

Հիշյալ հարցերի շուրջ զեկույցները լսելուց եւ քննարկելուց հետո, խորհուրդը հավանություն է տվել ներկայացված հաշվետվություններին: ԵՊՀ 2010-2011թթ. ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:

Խորհուրդը հավանություն է տվել ԵՊՀ 2011թ. եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ ռեկտորի հաշվետվությանը եւս՝ համալսարանի 2011թ. ֆինանսական գործունեությունը գնահատելով բավարար: Նիստում հաստատվել է ԵՊՀ 2012թ. ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը (բյուջե): Նույն որոշմամբ ԵՊՀ ռեկտորին հանձնարարվել է 2012թ. ծախսերը կատարել հաստատված բյուջեին համապատասխան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ