Ո՞վ կառաջադրվի Կենտրոնից
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, մեծամասնական ընտրակարգով Երեւանի Կենտրոն համայնքից ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը դեռեւս չի որոշել, կառաջադրի իր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Այս մասին Henaran.am –ի հետ զրույցում ասել է Ռուբեն Սադոյանը ու հավելել, որ ամեն ինչ պարզ կլինի այս` հունվար, ամսվա վերջին:
Ռուբեն Սադոյանի խոսքով, իր` առաջադրվել-չառաջադրվելու հարցը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: “Դա կախված է տարբեր հանգամանքներից: Առաջին հերթին պետք է իմ կուսակցությունը որոշում կայացնի` ես դնում եմ մեծամասնական ընտրակարգով, թե ոչ”,- Henaran.am –ին ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Ռուբեն Սադոյանը դժվարացավ նշել, թե ինչպիսին կլինի ՀՀԿ-ի որոշումը:
Նկատենք, որ Կենտրոն համայնքից, ըստ շրջանառվող տեղեկությունների, պատգամավոր դառնալու հավակնություններ ունի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ, Կենտրոն համայնքի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանը: Ռուբեն Սադոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կվարվի, եթե Կենտրոն համայնքից մեծամասնական ընտրակարգով առաջադրվի նաեւ Գագիկ Բեգլարյանը:
“Ես պարոն Բեգլարյանի որոշման մասին տեղյակ չեմ: Հնարավոր չէ, որ համ պարոն Բեգլարյանը դնի, համ ես դնեմ: Մեզանից որեւէ մեկը Կենտրոն համայնքում երեւի իր թեկնածությունը կառաջադրի”,-ասաց Ռուբեն Սադոյանը: Henaran.am –ի ճշտող հարցին, թե տեսականորեն, եթե Գագիկ Բեգլարյանը առաջադրվի, Դուք չե՞ ք առաջադրվի, Ռուբեն Սադոյանն այսպես պատասխանեց. “Տեսականորեն, իմ կարծիքով, պարոն Բեգլարյանը չի առաջադրվի”:
Ռուբեն Սադոնյանը նշեց, որ ճիշտ կլինի, որ պատգամավորը , որը ցանկություն ունի առաջադրվելու, վերընտրվի այն նույն ընտրատարածքից, որից ընտրվել է նախկինում:
Կենտրոն համայնքից պատգամավոր դառնալու` Գագիկ Բեգլարյանի հավակնությունների մասին պարզաբանումներ ստանալ չհաջողվեց: Պարոն Բեգլարյանի օգնականը մեզ հեռախոսով փոխանցեց, որ Գագիկ Բեգլարյանն այս պահին զբաղված է եւ մեր հարցերին պատասխանել չի կարող: Henaran.am –ն ավելի ուշ կփորձի կապվել Գագիկ Բեգլարյանի հետ:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները, տեղի կունենան այս տարվա մայիսին: Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀԿ-ում արդեն քննարկվում է մեծամասնական ընտրկարագով թեկնածուների առաջադրման հարցը: