Սուրեն Սիրունյանը ՀԱԿ-ի ձեռքին գործիք չի դառնա. Առավոտ
“Մարտի 1”-ի գործով դատապարտված եւ 2009-ին ՀՀ ԱԺ որոշման հիման վրա համաներմամբ ազատ արձակված Սուրեն Սիրունյանը “Առավոտ”-ին ասել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հետ է վերցնելու իր բողոքը:
Թերթի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումն ու ինչո՞ւ այդ խնդիրը հիմա ծագեց եւ ոչ թե մեկ շաբաթ, մեկ ամիս կամ մեկ տարի առաջ` Սիրունյանը ասել է. “Քանի որ թե‘ “Մարտի 1”-ից առաջ, թե‘ դրանից հետո, թե‘ “Յոթի գործով” դատավարության ընթացքում ես ապացուցել եմ իմ ով լինելը: Իսկ թե ինչո՞ւ այսօր այդ միտքը ծագեց` բացատրեմ. շատ մտածեցի ու հասկացա, որ մենք ընդամենը գործիք ենք եղել Կոնգրեսի ձեռքին, իսկ Կոնգրեսը փորձել է մեր անունները շահարկել իշխանությունների ու միջազգային կառույցների հետ իր կեղտոտ խաղերում:
Ժամանակին Կոնգրեսի առաջնորդը հայտարարում էր, թե պատրաստ է որպես գործիք ծառայել, բայց նրան ոչ մեկն էլ չկարողացավ որպես գործիք օգտագործել, նա էլ սկսեց մեզ օգտագործել որպես գործիք` իր նպատակներին հասնելու համար: Ես պատրաստ չեմ որոշ մարդկանց ձեռքին նրանց շահերի համար որպես` գործիք օգտագործվել”: