Աշոտյանը ռեկտորներին ու տնօրեններին քաղաքական խիստ հրահանգներ է իջեցրել
“Տվել եմ սարսափելի խիստ քաղաքական հրահանգներ”,-այսօր այս տարվա առաջին ասուլիսին հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով երեկ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում իրեն ուղղված օգտատերերից մեկի հարցին: Հիշեցնենք , որ այս տարվա անելիքներին նվիրված ասուլիսի մասին նախարարը հայտարարել էր սոցիալական ցանցի իր էջում եւ օգտատերերին կոչ արել, իրեն դիմել այն հարցերով, որոնք ամենից շատ են հետաքրքրում:
Նախարարը խոստացել էր ասուլիսի ժամանակ անդրադառնալ օգտատերերի հարցերին, որոնցից մեկն էլ այն էր, թե ինչպես են բուհերը պատրաստվում առաջիկա ընտրություններին, ինչ հանձնարարություններ կստանան ռեկտորներն ու ուսխորհուրդների նախագահները: Արմեն Աշոտյանն այսօր բացահայտեց այդ քաղաքական հրամաններն ու նշեց.
”Առաջինը` խստագույնս հետեւել իրենց ուսումնական հաստատություններում կուսակցությունների, կրթության եւ բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքների կատարմանը: Ոչ մի քարոզչություն, ոչ մի քաղաքական հանդիպումներ, ոչ մի քննարկումներ բուհերի ներսում եւ դասերի հաշվին:
Դասից դուրս, բուհից դուրս յուրաքանչյուր ուսանող, դասախոս, ռեկտոր, իրավունք ունի լինել քաղաքական կուսակցության անդամ, քարոզ անել, բայց բուհի տարածքներից դուրս”:
Արմեն Աշոտյանի երկրորդ քաղաքական հանձնարարականն է` աշխատել ավելի լավ: “Իմ անձնական դերակատարությունը` որպես ՀՀԿ-ական գործիչ եւ ՀՀԿ քվոտայով ԿԳ նախարարի շատ բարձր է: Որքան ավելի շոշափելի եւ տեսանելի լինեն բարեփոխումները կրթության եւ գիտության ոլորտում, որքան ավելի արժանահավատ լինեն մեր գործողությունները հասարակության համար, որքան վստահությունը մեծ լինի, ես կհամարեմ, որ այնքան մեծ է իմ անձնական եւ մեր կուսակցական քաղաքական դիվիդենտը”,-ասաց Աշոտյանն ու հավելեց, որ բարձր մակարդակի մասնագիտական աշխատանքը լավագույն քաղաքական փիարն է կրթության ոլորտում ՀՀԿ-ի համար եւ հատուկ վարչարարական լծակների կիրառման անհրաժեշտույթյուն չկա: Արմեն Աշոտյանը հարցին անդրադարձը եզրափակեց հետեւյալ արտահայտությամբ. “Դասերը մնայուն են, ընտրություննները` անցողիկ: Սա է իմ բանաձեւը”:
Հարցին, թե ինչ պատիժ կսպասվի հրահանգը խախտողներին, Արմեն Աշոտյանը պատասխանեց.”Թող մեկը հայտնվի, այդ ժամանակ դուք կտեսնեք”: