11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարորդական իրավունքի տրամադրման և մեքենաների գրանցման գործընթացը չի բավարարում վարչապետին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրին: Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարության կողմից ձևավորված մոնիտորինգային խմբերը պարբերաբար ստուգումներ են իրականացնում այս կամ այն ոլորտում, արձանագրում թերություններն ու ստանում համապատասխան հանձնարարականներ:

“Այսօր կարող ենք արձանագրել, որ հերթական մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Կադաստրի պետական կոմիտեում ունենք առաջընթաց, և էապես բարելավվել է ծառայությունների որակը: Ձեռնարկությունների գրանցման ոլորտում ունենք էական առաջընթաց. այսօր իրականություն է այն, որ Հայաստանում կարելի է 15 րոպեում գրանցել ձեռնարկություն էլեկտրոնային եղանակով: Անձնագրերի տրամադրման ոլորտում նույնպես ունենք հաջողություն”,-նշել է վարչապետն ու հավելել, որ այս բնագավառում պետք է լինել հետևողական:

Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում բողոքներ են ստացվում ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից, մասնավորապես, վարորդական իրավունքների և մեքենաների գրանցման հարցերում: “Այս խնդրի շուրջ տրվել են հանձնարարականեր ոստիկանապետին, և մենք կարճ ժամանակում պետք է բարելավենք ծառայությունների որակը: Սա այն ոլորտն է, որտեղ տարեկան 300 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ շփվում են պետության հետ: Ձևավորվում է վերաբերմունք պետության նկատմամբ, և եթե այդ ծառայություների որակը մեզ չի բավարարում, նշանակում է` կա դժգոհություն”,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ խնդրի արմատական լուծման համար ապրիլին շահագործման կհանձնվի Նուբարաշենում ճանապարհային ոստիկանության ծառայության նոր մասնաշենքը, որը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով: “Մենք արդեն իսկ ծրագրային ապահովման ուղղությամբ և տվյալների միասնական բազայի ուղությամբ աշխատանքներն սկսել ենք:

Իրատեսական ենք համարում, որ ապրիլին մեր քաղաքացիները պետք է սպասարկվեն առավելագույնը 20 րոպեի ընթացքում` այսօրվա մեկ ժամվա փոխարեն: Այսօր կուտակվում են հերթեր, և ես հանձնարարել եմ ոստիկանապետին, որպեսզի այս խնդիրը վերցնի իր անձնական հսկողության տակ. ավելացնել աշխատողների քանակը և նվազեցնել այսօրվա ծանրաբեռնվածությունը, որն առկա է այս ոլորտում”,-շարունակել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանն ասել է, 18 պետական պետական տեսչական ծառայությունների ոլորտում և պետական այլ ծառայությունների ոլորտում նույնպես մոնիտորինգ է իրականացվելու : “Ես մշտապես անդրադառնալու եմ այս խնդրին, որովհետև սա այն ամենակարևոր կետն է, որտեղ մենք առնչվում ենք քաղաքացիների հետ: Ավտոմեքենաների զննման տեխնիկական խնդիրը նախորդ տարի ևս ստացավ իր լուծումը:

Ես մեկ անգամ ևս հայտարարում եմ. տեխնիկական զննման կտրոների վրա կնիքը պարտադիր չէ, և պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ: Բոլոր պետական մարմիներին արգելվում է պահանջել քաղաքացիներից, որ տեխնիկական զննման կտրոնի ետևում ստուգեն կնիքի առկայությունը:

Այդպիսի պահանջ չկա, և մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա: Սա է մեր պահանջը, որպեսզի մենք զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից”,-եզրափակել է վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ