Ադրբեջանում հայերի ցեղասպանություն էր. ազգագրագետ
“Ադրբեջանի այսօրվա իշխանությունը, խնկարկելով 1989-90 տարիներին հայերին հետապնդող մարդկանց որպես հերոս, իր վրա է վերցնում կատարվածի պատասխանատվությունը:
Սա վկայում է այն մասին, որ իրականում Ադրբեջանում ոչինչ չի փոխվել”,- այսօր “Հենարան” ակումբում լրագրողներին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով 1989-90թթ. Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերին:
Խառատյանի համոզմամբ, մինչեւ ադրբեջանական իշխանությունները կատարվածին հստակ գնահատական չտան եւ համապատասխան եզրակացություն չանեն, Ադրբեջանից ջարդարարի այս պիտակը չի ընկնելու: Ըստ Խառատյանի` Բաքվի ջարդերի տարելիցն այսօր չէ. ջարդերը պարզապես հունվար ամսին դարձել էին անընդմեջ եւ ավելի սրվել այս օրերին:
Ադրբեջանական ազգային ճակատը “Մահ հայերին” կարգախոսով էր առաջնորդվում Բաքվի ջարդերի ժամանակ: Բանախոսն ավելացրեց. “Այսօր էլ Ադրբեջանում հայկական ազգանունը բավական է, որպեսզի մարդու կյանքը դժոխքի վերածվի, իսկ ազգանուն փոխելը բավականին թանկ հաճույք է: Սա հիշեցնում է Թուրքիայում ցեղասպանությունից հետո ստեղծված իրավիճակը”:
Հ. Խառատյանը, պատմական անդրադարձ կատարելով` նշեց, որ 1990թ. հունվարին Բաքուն հայերի համար վերածվել էր թակարդի` հայերի համար փակ էին օդանավակայանը, քաղաքից դուրս գալու բոլոր հնարավորությունները: “Զինվորականներն ու ոստիկանները ոչինչ չէին անում հայերին օգնելու համար”,- հավելեց բանախոսը, դատապարտելով նաեւ ԽՍՀՄ իշխանություններին, ով իմանալով Բաքվում տեղի ունեցող դեպքերի մասին որոշում էր կայացրել ոչինչ չձեռնարկել:
“ Միայն այն ժամանակ, երբ ժողովրդական ճակատը շրջափակեց իշխանությանը, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշեց Բաքու զորք մտցնել` փաստորեն նման կերպ խնդիր էր դրվել փրկել իշխանությանը, այլ ոչ թե հայերին”,- հավելեց Խառատյանը: