Ինքնահրկիզման պատճառը սոցիալական վիճա՞կն էր /վիդեո/
Ըստ ոստիկանության հաղորդագրության, հունվարի 20-ին, ժամը 12.00-ին, մի քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցում գտնվող նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ շենքի նկուղում կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է անձը չպարզված կնոջ այրված դիակ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դիակի ինքնությունը պարզվել է` Գյումրիի բնակիչ, 1990 թ. ծնված Մարի Զավենի Դավթյան:
Henaran.am-ի Գյումրիի թղթակիցը տեղեկացնում է, որ նախնական տեղեկություններով՝երիտասարդ կինը ինքնասպանություն է գործել՝ իրեն հրկիզելով: Մարի Դավթյանը 2 երեխաների մայր է: Նրա փոքր երեխան 8 ամսական է: Ըստ տեղեկությունների՝ նրա ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Մորը Մարին կորցրել էր վերջերս:
Այրված կնոջ դիակը առաջինը նկատել է պոլիտեխնիկական նախկին ինստիտուտի շենքի պահակը, ով եւ հեռաձայնել է ոստիկանություն: Տարածքից առգրավվել են իրեղեն ապացույցներ՝մոխիր, եւ հող՝դյուրավառ նյութով: Նախաքննությունը պիտի պարզի, արդյոք ինքնահրկիզում է տեղի է ունեցել, կնոջ մարմինը վառվել է հենց տեղում, թե վառվելուց հետո է տեղափոխվել վթարային շենք:
Տեսանյութը` ԳԱԼԱ TV-ի