Ինքը, կինը, եղբայրը եւ ընկերը. ԲՀԿ-ն ողբերգություն չի՞ ապրում
“Մենք այդ տեղեկատվությունից առանձնապես ողբերգություն չենք սարքել: Մեր տեղեկություններով, կառույցից հեռացել է ընդամենը չորս հոգի` ինքը/նկատի ունի Արարատի փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանին ,-խմբ./, կինը, եղբայրը եւ ընկերը”,-Henaran.am-ին ասել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ԲՀԿ-ից կուսակցականներ են հեռանում:
Մասնավորապես նշվում է, որ Արարատի փոխքաղաքապետ եւ ԲՀԿ-ի Արարատի կառույցի ղեկավար Կարեն Խաչատրյանի` կուսակցությունից դուրս գալուց հետո Արարատում ԲՀԿ-ից լուրջ արտահոսք է սկսվել, եւ կուսակցությունը լքել են եւս չորս հարյուր կուսակցականներ:
“Այդ չորս հարյուր հոգու հեռացման մասին լուրը սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը”,-հայտարարել է Խաչիկ Գալստյանը: Henaran.am-ի դիտարկմանը, թե այսուհանդերձ, կուսակցությունից հեռացողներ կան, ինչը չհերքեց նաեւ ԲՀԿ նախագահի խոսնակը, արդյո՞ ք սա նշանակում է, որ տենդենցը հնարավոր է` շարունակվի:
“Նման իրադարձություններից մեծ շոու պետք չէ սարքել: Քանի որ ԲՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, յուրաքանչյուր օր էլ այդ կուսակցություն մտնում եւ դուրս են գալիս բազմաթիվ անդամներ”,-ի պատասխան նշել է Խաչիկ Գալստյանը: