Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հայտարարել են արագ համաձայնության գալու պատրաստակամության մասին
Ինչպես հայտնում է “ՌԻԱ նովոստին”, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են ղարաբաղյան հակամարտության Հիմնարար սկզբունքների շուրջ արագ համաձայնության գալու պատրաստակամության մասին:
Սա Սոչիում անցկացրած նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում կայացված համատեղ որոշումն է:
“Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան հակամարտության Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հարցում:
Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարեւորությունը` Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը` հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը”,- ասվում է փաստաթղթում:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բարձր գնահատական են տվել Ռուսաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների` ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի միջնորդական գործունեությանը: Նրանք հույս են հայտնել, որ համանախագահ երկրները այսուհետ եւս կշարունակեն հակամարտության կարգավորման հարցում ակտիվ դեր խաղալ, մինչեւ որ տարածաշրջանում վերջնական խաղաղություն եւ կայունություն հաստատվի:
Փաստաթղթում նշվում է, որ Դմիտրի Մեդվեդեւը եւ Իլհամ Ալիեւը հաստատել են, որ ղարաբաղյան կարգավորման ենթատեքստում վստահության ամրապնդման համար քայլերից մեկը կողմերի միջեւ հումանիտար համագործակցության զարգացումն է:
Դրա հետ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտնել են իրենց պատրաստակամության մասին ` “շարունակելու երկխոսությունը` ինտելիգենցիայի, գիտական եւ հասարակական ոլորտների ներկայացուցիչների միջեւ”:
3 երկրների նախագահները հաշվի են առել համանախագահների` ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչների հետ համատեղ մշակած այն մեխանիզմի մասին զեկույցը, ըստ որի հետաքննություն է անցկացվում շփման գծի երկայնքով, եւ հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը:
Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հակամարտության կարգավորման ուղղությամբ տարված աշխատանքներում մեծ առաջընթաց են նկատում` սկսած իրենց առաջին եռակողմ հանդիպումից` 2008-ի նոյեմբերի 2-ից: