Թիվ 38 ընտրատարածքում թեժ է լինելու
Henaran.am-ի տեղեկություններով, պետեկամուտների օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի, այլ կերպ ասած` հարկային ոստիկանության պետ Մերուժան Սիմոնյանը օրերս ազատվել է աշխատանքից: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նա ասաց, որ հեռախոսով չի պատասխանում հարցերի, քանի որ ով իմանա ում հետ է խոսում: “Կարող է ցանկացած մարդ զանգել եւ հարցնել”,-ասաց նա:
Henaran.am-ի թղթակիցը իր հերթին հավաստիացրեց, որ կարող է խմբագրության պաշտոնական կայքից ճշտել հեռախոսահամարը եւ համոզվել, թե որտեղից են զանգում` հարկային ոստիկանն այդպես էլ չհամոզվեց: Այնուամենայնիվ,
Մերուժան Սիմոնյանն ասաց, որ առողջական խնդիրների պատճառով է ազատվել աշխատանքից:
Մեր այն դիտարկմանը, թե ճիշտ է, որ ՀՀԿ-ից դուրս է եկել` ԲՀԿ-ին անդամակցելու համար` ասաց. “Ես հանրապետական կուսակցության անդամ չեմ, մինչեւ օրս կուսակցական չեմ”,-ասաց նա` ո’չ հաստատելով, ո’չ էլ հերքելով, որ կարող է անդամակցել որեւէ կուսակցության:
Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Մերուժան Սիմոնյանը “Բարգավաճ Հայաստան”-ին անդամակցելուց հետո մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու է առաջադրվելու թիվ 38 ընտրատարածքում:
Այն ընդգրկում է Կապան, Մեղրի, Ագարակ, Քաջարան քաղաքներն ու տարածաշրջանների գյուղերը: Այստեղից պատգամավոր է Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրենի որդին` հանրապետական Վահե Հակոբյանը:
Վերջինս չի բացառել իր առաջադրումը, եթե կուսակցությունն ու նրա ղեկավար` Սերժ Սարգսյանը որոշեն:
Այս ընտրատարածքում առաջադրվելու է նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված, կապանցի Գագիկ Գեւորգյանը:
Տարածված տեղեկությունների համաձայն, առաջադրվելու է նաեւ ՕԵԿ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը:
“Դեռ ոչինչ որոշված չէ, առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է հրավիրվելու, եւ բոլոր հարցերը կհստակեցվեն”,-ասաց Գերասիմ Ալավերդյանը:
Ամեն դեպքում նշենք, որ թիվ 38 ընտրատարածքում` ֆավորիտը լինելու է Վահե Հակոբյանը, եւ թերեւս բոլոր ուժերը վերջում համախմբվեն նրա շուրջը: