‘Մենք հպարտ ենք ձեզնով’. պարգեւներ նախագահից` անձնուրաց ծառայության համար
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:
‘Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգևների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգևատրվում եք ձեր հաջողությունների և ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով’,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, որոշվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Արիս Բրուտյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթևոսյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Հովիկ Օհանյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
Henaran.am-ին փոխանցում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից