ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը Հայաստանում
Ս.թ. նոյեմբերի 1-8-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանում անցկացվելու է հերթական “ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառումը:
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում տեղի կունենա ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՀՀ ԱԳ նախարարության, Հայաստանում ԱՄՆ եւ ՄԹ դեսպանությունների, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները:
Նոյեմբերի 5-6-ը, որպես ՆԱՏՕ-ի շաբաթվա հիմնական միջոցառում, “Կոնգրես” հյուրանոցում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Գործընկերության նոր քաղաքականությանը նվիրված` “Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի Նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը ” սեմինարը, որին մասնակցելու են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաններ, ՀՀ ԱԳ եւ ՊՆ նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
“ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառման մասնակիցները կայցելեն ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, իսկ ՀՀ ԱԳՆ շենքում հեռուստակամուրջներ կանցկացվեն Կոսովոյում ու Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար:
Նախատեսվում է նաեւ այցելություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:
ՆԱՏՕ-ի` որպես քաղաքական-ռազմական դաշինք, զարգացման եւ վերափոխման խնդիրների քննարկմանը նվիրված հեռուստատեսային կլոր սեղանի անցկացմամբ կեզրափակվի նախատեսված միջոցառումների ցանկը:
“ՆԱՏՕ-ի շաբաթ” միջոցառման, ինչպես նաեւ սեմինարի լուսաբանումը բաց է լրատվության միջոցների ներկայացուցիչների համար: