Վթարային շենքերի խնդիրը Երեւանի քաղաքապետի օրակարգում է
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 35 փողոց 127/1 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչների լիազոր խմբի ներկայացուցիչներին: Բազմաբնակարան հանրակացարանային շենքը 2008 թ. կատարված մասնագիտական հետազոտության արդյունքում գնահատվել է 4 -րդ աստիճանի վնասվածության:
Երեւանի քաղաքապետի առաջարկությամբ շենքը ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Երեւան քաղաքի տարածքում վթարային 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող շենքերի բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգում:
“ Մենք անհանգստացած ենք ոչ միայն այս, այլ նաեւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող բոլոր այն շենքերի ճակատագրով, որոնք կան Երեւան համայնքում: Հարցը միշտ օրակարգում է, քննարկվում են փուլային լուծման տարբերակներ”,- նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը լսել է հանրակացարանի լիազոր ներկայացուցիչների մտահոգությունները եւ առաջ քաշած հարցերը` տեղեկացնելով, որ թեեւ գործող օրենսդրության շրջանակում վթարային շենքերի վերաբնակեցումը ենթակա է իրականացման պետական բյուջեի միջոցներով, սակայն խնդրի լուծման հրատապությունից ելնելով` քաղաքապետարանը դիմել է համապատասխան գերատեսչություններին`ներկայացնելով համաֆինանսավորման միջոցով բնակելի ֆոնդի ստեղծման առաջարկ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ շարունակել քննարկումները` հարցին լուծումներ գտնելու նպատակով:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչությունից