Ծառուկյանի նախարարները կողմ են, պատգամավորները՝ դե՞մ
“Ես ամբիոնից էլ հայտարարեցի, որ աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի երկու ձեւ կա` օրենսդրական նախաձեռնությունը եւ քաղաքական կամքը: Այն, որ քաղաքական մեծամասնությունը` նախագահի գլխավորությամբ, ունի քաղաքական կամք, երեւում է այն օրենսդրական բարեփոխումներից, որոնք իրականացվում են”,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ներկայացրած “Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին” նախագիծի քվեարկությանը, ասել է ԱԺ փոխնախագա Էդուարդ Շարմազանովը ու հավելել, որ նախագիծն ընդամենը նպատակ ունի ավելի հրապարակային դարձնել ֆինանսական շրջանառությունը:
Հիշեցնենք, որ հակակոռուպցիոն բնույթ ունեցող նախագծի քվեարկությանը ԱԺ ԲՀԿ եւ “Ժառանգություն” խմբակցությունները չքվեարկեցին, իսկ ՀՅԴ-ն ձեռնպահ քվեարկեց, ինչ արդյունքում նախագիծն առաջին ընթերցմամբ չանցավ:
“Մենք հստակ տեսանք, թե ով է խոսքով պայքարում, ով` գործով“,- Henaran.am-ի հետ զրույցում նկատեց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ խորհրդարանում նման դեպքերում սովորաբար նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ եւ երկրորդ եւ երրորդ ընթերցումներում քաղաքական ուժերը հանդես են եկել իրենց դիտողություններով ու առաջարկություններով:
Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք կարելի է միտումնավոր համարել կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ի բոյկոտը, Էդուարդ Շարմազանովն ասաց. ”Հանրապետականը”, ի տարբերություն որոշ քաղաքական ուժերի, միտումներով չի գնում, “Հանրապետականը” ուղիղ է գնում եւ արմատական բարեփոխումներով պայքարելու է բոլոր վատ երեւույթների դեմ: ԱԺ-ում կա կոճակ, որով մարդիկ ներկայացնում են իրենց վերաբերմունքը ”:
Henaran.am-ի մյուս դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակն արդյո՞ք խոսում է այն մասին, որ կոալիցիան ճեղքվեց, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.”Նախ ուզում եմ ասել, որ որեւէ կոալիցիա հավերժ չէ եւ ինքնապատակ գոյություն չունի: Ես մի բան կարող եմ արձանագրել, որ մեր կոալիցիոն գործընկերների կոալիցիոն նախարարները կառավարության նիստին կողմ են քվեարկել այս որոշմանը”:
Օրինագծի քվեարկության շուրջ Henaran.am-ը զրուցել է նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ: Նրա խոսքով, ԲՀԿ-ն իր դիրքորոշումը հայտնել է ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում , իսկ խմբակցությունն այսօրվա նիստին որոշե լէ չքվեարկել նախագիծը:
“ Մեր քվեարկության տակ որեւէ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ, չկա այդպիսի բան: Այս քվեարկության տակ զուտ բովանդակային ենթատեքստ է պետք փնտրել: Այն տպավորությունը, թե մենք ինչ-որ քաղաքական ենթատեքստեր ենք փնտրում քննարկումը բախումների դաշտ տեղափոխելու համար, ճշմարիտ չէ ”,-ասաց Արամ Սաֆարյանը:
Մեզ հետ զրույցում Արամ Սաֆարյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահը ձայն չի տվել ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին, որպեսզի վերջինս ներկայացննի խմբակցության տեսակետները: Նա հավելեց, որ ԲՀԿ-ն դեմ չէ սկզբունքին, բայց օրինագծի տեխնիկական կատարումը համարում է թերի.
“Մենք կարծում ենք, որ այս օրինագիծն ուղղված է բանկային գործառույթների ավելացմանը եւ բիզնես գործունեությամբ զբաղվող մարդկանց բոլորին մղելու դեպի բանկերը: Մենք կարծում ենք, որ սա վաղաժամ է եւ բանկերի դիրքերը մեծացնելուն ուղղված քայլ է:
Բացարձակապես համաձայն չենք այն հայտարարություններին, թե այս նախագիծը չքվեարկելով՝ ԲՀԿ-ն սատարում է կոռուպցիայի ծաղկմանը: Սա լուրջ չէ”,-ասաց Արամ Սաֆարյանը:
Մեր դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակը տեսնելով` նիստին հետեւող լրագրողները բացականչեցին, թե կոալիցիան ճեղքվեց, Արամ Սաֆարյանն ասաց. ”Ինչո՞ւ այդ բանը չէին ասում այն ժամանակ, երբ անցյալ եւ նախանցյալ տարի մենք երկու առիթով դեմ ենք քվեարկել: Ես կարծում եմ, որ լրագրողների շրջանում շատ մեծ ցանկություն կա ամեն ինչ վերածելու աժիոտաժի, որովհետեւ դա նրանց աշխատանքն է”: