ՀԱԿ-ում սկանդալ է հասունանում. Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետի բացահայտումները /վիդեո/
“Ցանկանում եմ հետ վերցնել Եվրոպական դատարան ներկայացրած իմ դիմումը, որը պայմանավորված է իմ քաղաքական դիրքորոշման փոփոխության հետ: Այժմ ավելի հստակ եմ գիտակցում, որ իմ կողմից ներկայացված բողոքն ընդդեմ ՀՀ-ի չի բխում իմ սկզբունքներից:
Նման պայմաններում աննպատակահարմար եմ գտնում գանգատի հետագա քննությունը Եվրոպական դատարանի կողմից’’,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց մարտի 1-ի դեպքերի արդյունքում ազատազրկված, Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը:
Նրա խոսքով` դիմումը ետ վերցնելու որոշումը պայմանավորված չէ իշխանության կողմից իր հանդեպ որեւէ ճնշմամբ կամ ազդեցությամբ: Իր որոշումը Սուրեն Սիրունյանը բացատրում է նրանով, որ ՀԱԿ-ը հետ է կանգնել 2007թ որդեգրած իր սկզբունքներից:
‘’Սա բողոքի մի ձեւ է , ուղղված ՀԱԿ-ի դեմ: Իմ բողոքին միանալու են նաեւ մեկ տասնյակից ավելի այն մարդիկ, ովքեր , մարտի 1-ի գործով հայտնվել էին կալանավայրում: 2 օրից պաշտոնապես կտեղեկանաք այդ մարդկանց մասին’’,- ասաց Սուրեն Սիրունյանը` հավելելով, որ ինքը դատապարտվել է քաղաքական հայացքների համար:
Նախկին ընդդիմադիրը իր բողոքն է արտահայտում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, ով իր քաղաքական շահերի համար շատերին գործիք դարձրեց: Սուրեն Սիրունյանն ասաց, որ առայժմ որեւէ կուսակցության չի պատկանում, եւ որեւէ կուսակցությանը չի սատարելու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
’’Մի բան հաստատ կարող եմ ասել, որ նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ սատարելու’’,- ասաց նա` հավելելով, որ բացարձակ ոչ մի կապ չունի Վանո Սիրադեղյանի հետ:
Սուրեն Սիրունյանը նշեց, որ չի ընդունում այն մարդկանց, ովքեր 2007 թ , երբ իշխանական նավը խորտակվում էր, իրենց կաշին փրկելու համար, միանգամից եկան Ազատության հրապարակ ու կանգնեցին ՀԱԿ-ի կողքին /նկատի ունի Գագիկ Ջհանգիրյանին-խմբ./:
Henaran.am-ի հարցին` արդյոք նույն կերպ չի վարվել Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, Սիրունյանը նշեց, որ իր համար Սասուն Միքայելյանը հերոս տղա է:
http://youtu.be/F1c-GslMdrY