ՀՅԴ-ն առաջարկում է հայտարարագրել պատգամավորների ծախսերը
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն այսօր “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը, որով սահմանվում են պատգամավորների վարքագծի կանոններն ու նախատեսվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, հայտարարեց, որ բաժնետիրական ընկերություններում կամ ՍՊԸ-ներում բաժնեմասեր ունեցողները կամ բաժնեմասի սեփականատեր հանդիսացողները այսօր իրենց բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելիս չեն գրանցվում Կենտրոնական դեպոզիտարիայում, այն պատճառով, որ ԿԲ-ն սահմանում է, որ այդ բաժնետոմսերի կառավարումը պետք է հանձնվի լիցենզավորված կազմակերպությանը:
Արծվիկ Մինասյանի խոսքով, պատգամավորը կամ նախարարը չի ցանկանում իր բաժնետոմսերը հանձնել որեւէ մասնագիտական կազմակերպության, այլ ուզում է հանձնել իր նախընտրած անձին: Արծվիկ Մինասյանն այստեղ հակասություն է տեսնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի եւ Արժեթղթերի մասին օրենքների միջեւ /ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնել ոչ առեւտրային կամ լիցենզավորում չանցնող սուբյեկտներին-խմբ/:
ՀՅԴ-ական պատգամավորն առաջարկում է ռեեստրում գրանցել բաժնեմասերը կամ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագիրը, ինչը որպես ապացույց կներկայացվի այն ժամանակ , երբ էթիկայի հանձնաժողովը նման հարց քննարկի:
Արծվիկ Մինասյանի խոսքով, գույքի և եկամուտների հայտարարագրումից բացի անհրաժեշտ է ներդնել նաև հայտարարագրել պատգամավորների եւ այլ հանրային ծառայողների ծախսերը. “Եթե մենք ուզում ենք իսկապես թափանցիկ գործունեություն երաշխավորել պատգամավորների եւ այլ հանրային ծառայողների համար, ժամանակն է ներդնել նաեւ ծախսերի հայտարարագիր”: Պագտագամվորը համոզված է, որ տարբեր երկրներում ընդունված այս պրակտիկան առավել քան անհրաժեշտ է մեր երկրում: