26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քահանից ժողովում նաեւ պարգեւաբաշխությունն էր

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մասնակցությամբ թեմակալ առաջնորդների, տեղի ունեցավ Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով գումարվող քահանայից ավանդական ամենամյա հավաքը£ Քահանայից ժողովին մասնակցում էին շուրջ երկու հարյուր երեսուն եկեղեցականներ, ովքեր իրենց ծառայությունն են բերում Մայր Աթոռի կառույցներում, վանքերում, Հայաստանի ու Արցախի թեմերում, ինչպես նաեւ ներկայացուցիչներ Սփյուռքի հայոց թեմերից: Ժողովի քննարկման նյութն էր` ՙՔահանան եկեղեցական-սոցիալական աշխատանքի հիմնական դերակատար՚:

Առավոտյան հոգեւորականաց դասը Մայր Տաճարում մասնակցեց Արեւագալի ժամերգության, որից հետո ժողովն սկսեց իր աշխատանքը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում:

Ժողովը բացվեց հավաքի կազմակերպիչ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի խոսքով, ով քահանայից դասի անունից շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռում համախմբվելու, Նորին Սրբության օրհնությունն ու հայրական պատգամները ստանալու հնարավորության համար, ապա շնորհավորեց հոգեւորականներին  տոնի առիթով` մաղթելով նրանց ընթանալ Ղեւոնդյանց ոգով` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ հովվական ասպարեզում:

Թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Կարեն Նազարյանը:

Զեկույցներից հետո տեղի ունեցավ քննարկում, որի արդյունքում ընդունվեց հետեւյալ հայտարարությունը. “Մենք Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու սպասավորներս, կարեւորում ենք Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնը որպես հրավեր ուխտի նորոգման, առավել զորացնելու հոգեւոր մեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում: Քահանայի հովվական առաքելության մեջ էական եւ կարեւոր տեղ է զբաղեցնում սոցիալական ծառայությունը: Գոհություն ենք հայտնում Տիրոջը, որ մեր Եկեղեցին արդյունավորում է իր առաքելությունը տարբեր սոցիալական ձեռնարկումներով, որոնք արտահայտվում են հասարակության սոցիալական խոցելի խմբերին, հիվանդներին, ազատազրկվածներին, բռնության ենթարկվածներին, անապահով անձերին ու ընտանիքներին, մանուկներին ու ծերերին ուղղված հոգեխնամատարական ծրագրերով:

Մենք պատասխանատու ենք նկատում մեզ հասարակության առջեւ ծառացած սոցիալական մարտահրավերների հաղթահարման գործում եւ կարեւորում յուրաքանչյուրիս ծառայությունը սոցիալապես անապահով միջավայրերում, որպեսզի հոգեւոր ու բարոյական փորձությունները եւ կարիքը պատճառ չդառնան Աստծուց հեռացման ու հոգիների փրկության խաթարման: Այս հրամայականի առջեւ Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի խորհուրդը դիտարկում ենք որպես ազդու պատգամ առավել ակնառու դարձնելու համար մեր հովվական սպասավորության մեջ սոցիալական աշխատանքը:

Հորդորում ենք նաեւ Հայ Եկեղեցու հավատավոր հոտի անդամներին գործնականորեն սատարելու Եկեղեցու սոցիալական ծառայությանը, ջանքեր ներդնել Տիրոջ գթասրտության եւ ողորմության պատգամներն առավել արդյունավոր միջոցներով արտահայտելու համար սոցիալապես խոցելի խմբերի կյանքում:

Ս. Ղեւոնդյանց քահանայից բարեխոսության հայցով աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ Իր խնամքի ու հոգածության մեջ հանապազ պահի ու պահպանի մեր ժողովրդին եւ խաղաղություն պարգեւի հայրենի մեր երկրին` պայծառության մեջ հաստատուն պահելով Առաքելական մեր Ս. Եկեղեցին:

Այնուհետեւ տեղի ունեցավ պարգեւաբաշխություն:

Տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Տ. Խորեն քահանա Կիրակոսյանին, Տ. Պարույր քահանա Ավետիսյանին եւ Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

“Լանջախաչ “ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից `Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Տ. Հովել քահանա Գամաղելյանը, Տ. Արարատ քահանա Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմից` Տ. Նիկողայոս քահանա Հովհաննիսյանը, Տ. Միքայել քահանա Նուրիջանյանը, Տ. Աշոտ քահանա Սաֆարյանը, Հարավային Ռուսաստանի Հայոց թեմից ` Տ. Գեւորգ քահանա Միրզոյանը, Գուգարաց թեմից `Տ. Ներսես քահանա Ղալայանը, Տ. Ահարոն քահանա Գրիգորյանը, Տ. Վիգեն քահանա Ղազարյանը, Վայոց Ձորի թեմից` Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Արագածոտնի թեմից` Տ. Հայկ քահանա Սահակյանը, Տ. Եփրեմ քահանա Զարգարյանը, Գեղարքունյաց թեմից `Տ. Սողոմոն քահանա Մինասյանը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորությունից` Տ. Դավիթ քահանա Շախկյանը, Գեղարքունյաց թեմից `Տ. Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանը, Տավուշի թեմից` Տ. Շավարշ քահանա Սիմոնյանը, Վիրահայոց թեմից` Տ. Հուսիկ քահանա Հարությունյանը, Տ. Նարեկ քահանա Ղուշչյանը եւ Տ. Սամվել քահանա Թորոսյանը:

Ժողովի ավարտին ներկա հոգեւորականներին հայրապետական իր պատգամը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով հոգեւորականներին Սրբոց Ղեւոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը մաղթեց, որ Տերն օգնական եւ զորավիգ լինի Հայ Եկեղեցու սպասավորներին արդյունավոր կերպով շարունակելու իրենց առաքելությունը: Հայոց Հայրապետը վստահություն հայտնեց, որ այսպիսի հավաքները հոգեւորականների համար գեղեցիկ առիթ են անդրադարձումի իրենց կոչմանը եւ առաքելության արդյունավորմանը:

Այնուհետեւ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ ժողովի նյութին` քահանայի դերակատարությանը սոցիալական ոլորտում: Սոցիալական ոլորտից ներս ծառայությունը հայ եկեղեցականի կոչումն է, նրա առաքելության հիմնական եւ կարեւոր մասը: Ժողովը անդրադարձավ մի քանի խնդրի` թմրամոլություն, բռնություն, ընտանեկան դաստիարակություն, ծնող-զավակ, տղամարդ-կին հարաբերություններին, աղքատությանը, եւ նմանատիպ այլ երեւույթների: Հայ եկեղեցականի կոչումն է պայքարել այնպիսի երեւույթների դեմ, որոնք մեղք են ծնում, իսկ միջոցը բնականաբար Ավետարանի խոսքն է:

Այդ առաքելության իրագործման հիմնական միջոց Նորին Սրբությունը նկատեց հոգեւորականի պատասխանատվությունը, նախանձախնդրությունը, կոչման գիտակցությունը ծառայության հանդեպ, անվերապահ եւ անպայմանավոր սերը, որ պետք է մշտապես դրսեւորվի հավատավոր հոտի հանդեպ:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը իր գնահատանքը հայտնեց թեմակալ առաջնորդներին, որոնց նվիրյալ աշխատանքի արդյունքում տարեց տարի առաջընթաց է արձանագրվում թեմերում: “Մեր աղոթքն ու հայցն ենք առ Աստված բարձրացնում եւ խնդրում Երկնավորից, որ զորացնի ձեզ ձեր հավատքի մեջ, մեր ժողովրդին ծառայելու գործում սիրո մեջ”, – մաղթեց Նորին Սրբությունը հավաքված եկեղեցականությանը:

Ժողովի ամփոփումից հետո Մայր Տաճարում հոգեւոր դասը մասնակցեց Երեկոյան ժամերգության եւ ս. Վարդանանց տոնի նախատոնակին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ