Փողը ՀԱԿ-ին էլ է լույս տալի՞ս
ՀԱԿ հանրահավաքների պարբերականության կրճատումը պայմանավորված է երկրում ժողովրդավարության առաջընթացով: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
‘’Որեւէ մեկը թող չփորձի ժողովրդի կամքի հետ խաղալ, նրա գիտակցության հետ հաշվի չնստել:Մեր ժողովուրդը հենց սկսում է ճանաչել` եթե դրական առումով է ճանաչում, ապա գնում է տվյալ քաղաքական ուժի հետեւից, իսկ եթե բացասական առումով է ճանաչում, ապա սկսում է հետ կանգնել’’,- ասաց Գագիկ Մելիքյանը:
Դիտարկմանը, թե կոնգրեսականները հանրահավաքներին մասնակիցների սակավությունը պայմանավորում են արտագաղթով եւ միջքաղաքային ճանապարհները փակելու իշխանական փորձերով, Գագիկ Մելիքյանն ասաց, որ եթե անգամ իշխանությունները փակում են ճանապարհները, “միլիոնանոց Երեւանում չգտնվե՞ց մի 2 հազար մարդ, որ գա հանրահավաքին”: ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ` ՀԱԿ հանրահավաքներին մասնակցում են 500 հոգի տարածքում զբոսնողները, 500-ը տարբեր ծառայություններ մատուցողներ, մի քանի հարյուր հոգու էլ բերում են փողով:
‘’Բա գիտեք իրենց սիրուն աչքերի համա՞ր են այդ մարդիկ գալիս հանրահավաքին: Իհարկե, փողով են բերում: Ի՞նչ նորություն են ասում, կամ ասածներից ո՞րն են արել, որ պիտի մարդիկ հավատան ու այդ սառնամանիքին գան կանգնեն իրենց կողքին: Կամ ելույթ ունեցողներից ո՞ր մեկը չի եղել իշխանությունում: Եթե գտնեք մեկին, ապա ես ներողություն կխնդրեմ’’,- ՀԱԿ-ի թեման եզրափակեց Գագիկ Մելիքյանը: