Կռիվը Տարոն Մարգարյանի շրջապատի դեմ է. քաղաքապետին ուզում են հավատալ /վիդեո/
“Երեւանը էկոլոգիական աղետի գոտու է վերածվել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը, հավելելով, որ վերջին տասնհինգ տարվա ընթացքում քաղաքում իրականացվող շինությունը սպանեց Երեւանը` էկոլոգիական եւ պատմամշակութային առումով”:
Բնապահպանը շեշտեց , որ այս հայտարարությունը մերկապարանոց չէ եւ հիմնված է տեղական եւ միջազգային փորձագետների ուսումնասիրությունների հիման վրա: Կարինե Դանիելյանի խոսքով` արդեն Երեւանի չորրորդ քաղաքապետին բնապահպաններն իրենց մտահոգություններն են հայտնում, թե ինչպես եղավ, որ մոռացվեց քաղաքի գլխավոր հատակագիծը եւ սկսկվեց կետային շինարարությունը:
”Մենք ի վերջո պիտի հասկանանք հանրային շահը որն է, հանրային շահի անվան տակ մարդիկ դուրս շպրտվեցին Հյուսիսային պողոտայի տարածքից եւ հիմա Պարսկաստանում հայտարարություն է գնում ժողովուրդ ջան, եկեք էդ տները գնեք, ապրեք”,-հայտարարեց նա:
Կարինե Դանիելյանը խոսեց Ուսանողական այգուց, որտեղ եւս իրականացված շինարարուոթյւնը հարուցեց հանրային դժգոհության մեծ ալիք: ”Մենք կորցրեցինք մեր կանաչ տարածքների առնվազն կեսը այս տարիների ընթացքում: Քաղաքի խտացումը վտանգում է սեյսմիկ անվտանգությունը, ինչի մասին վերջերս հայտարարեցին նաեւ ճապոնացի գինտնականները”:
Մաշտոցի այգու առնչությամբ տիկին Դանիելյանն ասաց, որ Աբովյան փողոցի տաղավարների ապամոնտաժումը դրական քայլ է եւ բոլորին ուրախացրեց: Նրա խոսքով, քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ Տարոն Մարգարյանը նշել է, որ Մաշտոցի այգում տաղավարների տեղադրումը միայն ժամանակավոր լուծում է: “Ես քաղաքապետի շրջապատի հետ կռիվ ունեմ, ես ուզում եմ հավատալ քաղաքապետին, որովհետեւ Ավանն եմ տեսնում: Ես հույս ունեմ, որ մենք ուրիշ լուծում կգտնենք”,-նշեց Կարինե Դանիելյանն ու հավելեց, որի երեկ ողջ օրը խոսել է Տարոն Մարգարյանի հետ:
Բնապահպան Մերի Խաչատրյանը եւս համոզմունք հայտնեց, որ ճարտարապետները քաղաքապետին շփոթեցրել են: Ճարտարապետ Լեւոն Իգիթյանի խոսքով, կրպակների տերերը իրավաբանական իրավունքներ ունեն, պայմանագիր ունեն կնքված, էդ պայմանագրի ժամկետը պիտի անցնի: “Տարածքի վերաբերյալ մի քանի անգամ քննարկված նախագիծ կա, որը կոչվում է Հին Երեւան: Հենց օրերը տաքանան, Հին Երեւան ծրագիրը պետք է իրականացվի, այդ կրպակներն այնտեղ չեն մնալու”,-հայտարարեց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, ով Երեւանի ավագանու անդամ է:
http://youtu.be/yh2DwgljGEE