27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում կկայանա Եվրանեսթի ԽՎ հանդիպում

Փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի կունենա Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպումը: Եվրանեսթի ԽՎ-ի հանդիպումն առաջին անգամ է տեղի ունենում Եվրոպական խորհրդարանից դուրս: Սա կարեւոր ձեռքբերում է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության թիմային աշխատանքի եւ Եվրոպական խորհրդարանի ու Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի հետ համագործակցության արդյունքը:

Երկօրյա աշխատանքների ընթացքում, այլ հարցերի թվում, մշտական հանձնաժողովը կքննարկի երկու զեկույց ‘Քաղաքացիական հասարակության հզորացման’ եւ ‘Աղքատության ու հասարակական օտարման դեմ պայքարի’ թեմաներով, որոնց համահեղինակներն են Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանը եւ Եվրոպական Խորհրդարանի անդամներ Էլզբիետա Կատարժինա Լուկաչիեւսկան եւ Իլիանա Մալինովա Յոտովան: Զեկույցների մշակման գործում ներդրում է ունեցել նաեւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմը:

Համանախագահների առաջարկով հանձնաժողովը համատեղ հանդիպումներ կանցկացնի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայկական պլատֆորմի եւ Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի հանդիպման ընթացքում ելույթներով եւ զեկույցներով հանդես կգան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՀՀ-ում առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արեւելյան գործընկեր երկրների պատվիրակությունները, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը հաստատել են իրենց մասնակցությունն այս միջոցառմանը, որի շրջանակում տեղի կունենան աշխատաժողովներ ԵՄ երկու նախագծերի` ‘Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման մագիստրատուրայի ծրագրի’ եւ ‘Վայոց ձորի մարզում հասարակության խոցելի խավերի համար Առողջության վերականգնման կենտրոնի’ վերաբերյալ:

ՀՀ Ազգային ժողովի եւ ՀՀ ԱԺ Նախագահի ուղղակի աջակցության շնորհիվ հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով իրականացվել են բոլոր անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի երեւանյան հանդիպումն անցկացվի պատշաճ մակարդակով:

Նշենք, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2011 թ. մայիսին որպես Արեւելյան գործընկերության խորհրդարանական բաղկացուցիչ: Դրա հիմնական նպատակն է հզորացնել կապերը Եվրոպական Միության եւ Արեւելյան Եվրոպայի հարեւանների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ կապերը, որոնք այժմ ներկայացված են խորհրդարանական վեհաժողովում:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ