Քարոզարշավ 2012-ի դեմքերը
Առաջիկայում մեկնարկող խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը նախորդներից առանձնապես չի տարբերվի: Մեծ կուսակցությունները ինչպես Երեւանում այնպես էլ մարզերում քարոզարշավը կիրականացնեն շտաբների միջոցով, որտեղ մեծ մարդկային ռեսուրսներ են ներգրավված, այնպիսիք, ովքեր տեղի բնակչության հետ սերտ կապեր ունեն եւ գիտեն նրանց կարիքները:
Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգն ասել է, թե այս ընտրություններում թե միջազգային դիտորդների, թե վստահված անձանց վերահսկողութունը պետք է ավելի բարձր լինի եւ այս առումով ընտրություններն ավելի մոտ կլինեն ժողովրդավարության հիմնական չափանիշներին:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով, Հայաստանում կուսակցություններն առաջին հերթին հասարակության շրջանում ճանաչված են ոչ թե իրենց ծրագրերով կամ նպատակներով, այլ` առաջնորդներով:
”ԲՀԿ-ն ավելի շատ ճանաչված է Ծառուկյանով, ՀԱԿ-ը` Լեւոն Տեր-Պետրոսյանով, որովհետեւ մյուսները չեն երեւում նրանց կողքին:
Ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք միադեմ են, ՀՀԿ-ն բազմադեմ է, այնտեղ մի քանի դեմքեր կան, որոնք կապվում են ՀՀԿ-ի հետ` վարչապետը, ԱԺ խոսնակը, ՀՀԿ մամլո քարտուղարը, ովքեր հաճախ են երեւում հեռուստաէկրաններին եւ կուսակցության անունից հայտարարություններ անում”,- Henaran.am-ին ասել է Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի կարծիքով, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի նախընտրկան քարոզարշավի դեմքերը կլինեն քաղաքական ուժերի առաջնորդները` Ծառուկյանն ու Տեր-Պետրոսյանը, ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, սոցիոլոգը երկու սցենար է տեսնում.
”Շատ հնարավոր է, որ նախագահը գլխավորի քարոզարշավը եւ դա դառնա հենք նախագահական ընտրությունների համար: Կարող է այլ մարտավարություն լինի, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ էր` նա երկրորդային դիրքում լինի եւ ավելի ակտիվ հանդես գա խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո”: Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ, եթե գործի երկրորդ տարբերակը, ՀՀԿ քարոզարշավը կղեկավարի, եւ քարոզարշավի դեմքը կդառնա վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Սոցիոլոգի համոզմամբ, Ժառանգության” վարկանիշը միանշանակ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա է խարսխված, որն էլ կլինի քարոզարշավի դեմքը: “Նրա վարկանիշը 8.5 տոկոսից չի իջել, իսկ “Ժառանգության” վարկանիշը 1 տոկոսից երբեք չի բարձրացել”:
ՀՅԴ-ն, Ադիբեկյանի խոսքով, կոլեկտիվ կառավարման համակարգ ունի, ուստի եւ այնտեղ առաջին դեմքի խնդիր կա: “Այսօր ավելի շատ Վահան Հովհաննիսյանն է դիտվում որպես ՀՅԴ-ի առաջին համարը, մյուսները երկրորդ պլանում են մնացել”,- Henaran.am-ի հետ զրույցում նշել է Ահարոն Ադիբեկյանն ու հավելել, որ նախկինում վերջինիս հետ պայքարում էին Արմեն Ռուստամյանն ու Կիրո Մանոյանը:
Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա Ադիբեկյանի խոսքով, այստեղ Արթուր Բաղդասարյանն “անհասանելի” է: Իսկ “Ազատ դեմոկրատներ”-ը “գորշ ձիուկ”-ի կարգավիճակում են: “Ազատ դեմոկրատները” նման է ՆԺԿ-ին, ՄԱԿ-ին, որոնք հայտնվեցին ու փորձեցին կարճ ժամանակում հաջողություններ գրանցել”: Ադիբեկյանի համոզմամբ, առայժմ “Ազատ դեմոկրատները” քաղաքական ասպարեզ մտնելու հենք չունեն:
http://www.youtube.com/watch?v=u-CGJEnOe6g&feature=youtu.be