21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵԽ ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Եվրախորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչեւի գլխավորությամբ:

Ս. Նիկոյանը  նշել է, որ եվրոպական ինտեգրման խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, եւ գնահատելի է դրան ուղղված ցանկացած քայլ: ԱԺ նախագահը կարեւորեց ամենաբարձր մակարդակով միջխորհրդարանական փոխադարձ շփումներն ու այցելությունները, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ինտեգրումը եվրոպական քաղաքական ընտանիք:

Գործակցության լավ օրինակներից է նաեւ   փետրվարի 22-23-ը Երեւանում տեղի ունենալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որն առաջին անգամ է անցկացվում արտագնա: Ս.Նիկոյանն ընդգծել է Եվրանեսթում Հայաստանի պատվիրակության ակտիվ եւ կառուցողական գործունեությունը, այն գնահատելով որպես եվրաինտեգրման կարեւոր գործիքներից մեկը: Նա միաժամանակ նշել է, որ  ցանկալի չէ, որ այդ կառույցը օգտագործվի որպես տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցերի քննարկման հարթակ:  ԱԺ նախագահի խոսքով` առկա են բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ,  եւ հայկական կողմը պատրաստակամ է բաց քննարկումների ու համագործակցության հետագա խորացման:

Անդրեյ Կովաչեւը, երախտագիտություն հայտնելով ընդունելության եւ աշխույժ համագործակցության համար, գոհունակությամբ նշել է, որ այժմ ընթանում են Հայաստան-Եվրամիություն Ասոցացման  համաձայնագրի շուրջ բանակցությունները, որտեղ արձանագրվել է մեծ առաջընթաց. արդեն քննարկվել եւ ժամանակավոր փակվել են ապագա համաձայնագրի ոլորտային համագործակցությանն առնչվող 22 գլուխներ: Ըստ նրա, շուտով կսկսվեն նաեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի հիմնման ու վիզայի դյուրացման եւ ռեադմիսիոն համաձայնագրերի  վերաբերյալ բանակցությունները: Դրանք գործիքներ են, որոնք կսերտացնեն համագործակցությունը Եվրոպական Միության հետ:

Նրա խոսքով, ԵՄ-ն եւ Եվրոպական խորհրդարանը պատրաստակամ են նաեւ օգնելու Հայաստանի իրենց գործընկերներին տարածաշրջանային խնդիրներում` կարեւորելով փոխադարձ վստահություն ձեւավորող միջոցառումների իրականացումը: Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Անդրեյ Կովաչեւը նշել է, որ իրենք ակնկալում են ժողովրդավարական, ազատ եւ անկախ ընտրությունների անցկացում: Նա տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչները ներկա կլինեն առաջիկա ընտրություններին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ