Հայաստանում մեկնարկել է Եվրանեստ Խորհրդարանական ժողովի հանձնախմբի նիստը
Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է Եվրանեստի` սոցիալական հարցերով, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերով Խորհրդարանական ժողովի մշտական հանձնախմբի երկօրյա նիստը, հաղորդում է “Armenia Today”-ը:
Եվրանեստ խորհրդարանական ժողովի նիստն առաջին անգամ կայանում է Եվրախորհրդարանի սահմաններից դուրս:
Եվրանեստը “Արեւելյան համագործակցություն” ծրագրի խորհրդարանական բաղկացուցիչն է, որն իրականացվում է Եվրամիության կողմից Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ: Նախկին սովետական 6 երկրների եւ Եվրամիության ներկայացուցիչները Եվրանեստի շրջանակներում կազմակերպում են կոնֆերանսներ, նիստեր, որոնց ընթացքում քննարկում եւ կայացնում են որոշումներ տարբեր հարցերի շուրջ:
Նախօրեին կայացած նիստին ՀՀ Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը, ողջունելով մասնակիցներին, հայտնել է, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի համար շարունակում է մնալ առաջնահերթ հարցերից մեկը:
Նիստին ներկայացվել է “Արեւելյան համագործակցության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացումը” զեկույցը, որի համահեղինակներն են Իլինա Մալինովա Յոտովան եւ ՀՀ խորհրդարանի հանրապետական պատգամավոր Արթուր Զաքարյանը: Եթե մինչեւ հաջորդ նիստը, որը կկայանա Բաքվում, զեկույցին վերաբերող առաջարկություններ չլինեն, այն կընդունվի “Եվրանեստ” խորհրդարանական ժողովի կողմից:
Եվրանեստի Խորհրդարանական ժողովի պատգամավորների պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: