Միջազգային ռազմական հավաք-մրցույթում հայ պատանիները զբաղեցրել են 2-րդ եւ 3-րդ տեղերը
ՌԴ Պերմ քաղաքում փետրվարի 11-22-ը անցկացվել է ‘Երիտասարդ հայրենասերների հավաք-մրցույթ, որին մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները:
Միջոցառումը, որի կազմակերպիչը ՌԴ ՆԳ նախարարությունն է, անցկացվում է ՌԴ նախագահի ‘Երիտասարդության հայրենասիրական դաստիարակության’ ծրագրի շրջանակներում: Հավաքներին մասնակցել են ՌԴ-ի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Հայաստանի ներքին գործերի, զինվորական, ռազմահայրենասիրական ակումբների, կադետական կրթական եւ ուսումնական հաստատությունների 34 խմբեր:
Մրցույթն անցկացվել է մի քանի փուլերով եւ ներառել` ռազմական եւ մասնագիտական տարբեր բնագավառներ: Մ. Մելքոնյանի անվան վարժարանի սաները հաջողությամբ հանձնել են կրակային, գրոհային, ընդհանուր արգելագոտու հաղթահարման, ինչպես նաեւ ռազմական տեղագրության, կրակային, հակահրդեհային պաշտպանության, դանակի նետման ստուգարքները եւ զբաղեցրել են 2-րդ տեղը: Վարժարանի սաները 2011թ. նույնպես մասնակցել են այս մրցույթին` զբաղեցնելով 3-րդ տեղը:
Բացի վերոնշյալ ստուգարքներից` հավաքների ընթացքում անցկացվել են նաեւ մրցումներ ‘Օրվա հերոս’ եւ ‘Լավագույնները մարզումների ժամանակ’ անվանակարգերում, որոնց ժամանակ հայ պատանիները զբաղեցրել են 1-ին տեղը: Ոչ պակաս կարեւոր է եղել նաեւ ‘Այցեքարտ’ անունով մրցույթ-ցուցադրությունը, որի ընթացքում մեր տղաները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը, Երեւան քաղաքը, ՀՀ Զինված ուժերի եւ ռազմամարզական վարժարանի պատմությունը, պարային եւ մշակութային ցուցադրություններ:
Հյուրընկալող կողմն, իր հերթին, ամեն ինչ արել է մասնակիցների առօրյան ուսանելի եւ բազմազան դարձնելու համար: Կազմակերպվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների ցուցադրություններ, ներկայացվել են սպառազինության եւ հատուկ սարքերի նոր նմուշներ, կազմակերպվել են հանդիպումներ Մեծ հայրենականի վետերանների, զինվորական բարձրաստիճան սպաների ու մշակութային գործիչների հետ: Զուգահեռաբար, մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու մարտավարամասնագիտական, ռազմավարական, փորձագիտական եւ այլ դասընթացների:
Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից