ՀՀ ԱԳ նախարարը այցելել է Կորեա
Փետրվարի 23-ին Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով պաշտոնական այցով Սեուլ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Կորեայի Հանրապետության վարչապետ Հվանգ Սիկ Կիմը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Կորեայի վարչապետի եւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպման օրակարգում էին Սեուլում այս տարվա մարտի 26-27-ը կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի, Կորեայում ս.թ. մայիս-օգոստոս ամիսներին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները եւ այդ կարեւորագույն համաշխարհային իրադարձություններին Հայաստանի մասնակցությունը:
Զրուցակիցները հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը մեկնարկային հանգրվան կդառնա երկկողմ փոխգործակցության զարգացման համար եւ պատրաստակամություն հայտնեցին անհրաժեշտ քայլեր ձեռնակել այդ ուղղությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Կորեայի վարչապետին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Այս առումով Կորեայի վարչապետը նշեց, որ կորեական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը` Կորեայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության միջոցով:
Նույն օրը կայացան Հայաստանի եւ Կորեայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կիմ Սունգ-Հվանի բանակցությունները: Հայաստանի եւ Կորեայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում անվտանգության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:
Բանակցություններին անդրադարձ կատարվեց նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին: Նախարար Նալբանդյանն իր կորեացի գործընկերոջը պատմեց բանակցությունների վերջին զարգացումների մասին:
Հայաստանի եւ Կորեայի նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր կրողների համար արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին: Հայաստանի արտգործնախարարը իր կորեացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երեւան:
Սեուլում Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-կորեական հարաբերությունների մասին ելույթով հանդես եկավ Կորեայի Արտաքին հարաբերությունների եւ ազգային անվտանգության ինստիտուտի (Դիվանագիտական ակադեմիա) ուսանողների առջեւ:
Ավարտելով այցելությունը Կորեա` ԱԳ նախարարն ուղեւորվեց Վիետնամ: