Օսկանյանը սխալ չի. Վահան Հովհաննիսյան
Այլ քաղաքական կազմակերպությունների տեսակետները նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ական դառնալու հետ կապված, երկու ծայրահեղություններ են ներկայացնում: Նման մեկնաբանություն արեց ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը:
”Մի մասն ասում էր, թե դա ի՞նչ կարեւոր է, դա իր որոշելու հարցն է, մյուսներն ասում էին, թե դա բարդագույն ինտրիգ է: Երկուսն էլ սխալ են: Անկարեւոր չէ Վարդան Օսկանյանի անդամակցելը երկրի ամենաուժեղ կուսակցություններից մեկին”:
Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե Վարդան Օսկանյանը հանդիսանալով ակտիվ եւ երեւացող քաղաքական դեմք, ԲՀԿ-ին նոր որակներ կարող է հաղորդել:
ՀՅԴ-ականի խոսքով, միայն ԲՀԿ-ն չի շահելու Վարդան Օսկանյանի անդամագրումից.”Վարդան Օսկանյանն ինքն էլ է շահելու, նա հնարավորություն ունի իր մտքերն ու քաղաքական տեսակետները արտահայտել բավականին լուրջ կուսակցության միջոցով”: Անդրադառնալով Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե կոալիցիան իր ուժը կորցրել է, Վահան Հովհաննիսյանն ասաց.” Այն, ինչ ինքը հայտարարել է, դա պատահական չի եւ միայն իր տեսակետը չի:
Երբ առաջին անգամ հայտարարվեց, որ կոալիցիոն կուսակցությունները աշխատելու են այնպես, որ չխախտեն գոյություն ունեցող հարաբերակցությունը, տրամաբանական էր, որ պետք է գնան միասնական ցուցակներով”: Հովհաննիսյանը հավելեց, որ հակառակ պարագայում իրենք չեն որոշում այդ հարաբերակցությունը, այլ` ընտրողը:
ՀՅԴ ներկայացուցչի խոսքով, որոշ ժամանակ “պայքարելուց” հետո եղավ սրան հակասող հայտարարությունը, որ կոալիցիոն ուժերը ընտրություններին գնում են առանձին: “Նշանակում է, որ նախորդ համաձայնությունը` ամեն գնով պահպանելու համամասնությունը, չի գործում”,-հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա կարծում է, որ համաձայնությունները, որոնք կարող են կայանալ այս փուլում, կվերաբերեն միայն մեծամասնական տեղերին: “Համամասնականի վրա դա տարածվել չի կարող, որովհետեւ ժողովուրդը քանի տոկոս կտա այդ կուսակցություններին, այդ կուսակցությունները որոշել չեն կարող: Այս առումով, Վարդան Օսկանյանի ասածի մեջ սխալ չկա”,-եզրափակեց նա: