Դատավորը “կանխեց” Մարգար Օհանյանի պատասխանը /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուրբաթ շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Հիշեցնենք, Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի չափով վնաս:
Մինչ այսօրվա դատական նիստը սկսվելը, լրագրողները Մարգար Օհանյանին տեղեկացրին, որ նախկին ոստիկանապետը հերքել է այն մեղադրանքները, թե ինքն է Օհանյանի գլխին “գործ սարքել”: Հիշեցնենք, որ անցած դտական նիստում Օհանյանը հայտարարեց, որ իրեն հետապնդել է ոստիկանության նախկին պետը: ”Իմ խոսքերը հավաստի են, ոչինչ չափազանցված չէ, համապատասխանում են իրականությանը և կարող եք ստուգել ոստիկանության կադրերի վարչությունում, ինչպես նաև, փառք Աստծո, Ստեփան Կարախանյանը դեռ ողջ է և ունի փաստաբան, ով ոչնչից չի վախենում, կարող եք դիմել իրեն”,-ասաց Օհանյանը:
Ըստ ամբաստանյալի, եթե ոստիկանության որոշ սպաներ դատարանում հիշողության կորուստներ ունեցան, ապա կոչումով գեներալ-լեյտենանտ նախկին ոստիկանապետը դժվար թե հիշողության հետ կորուստներ ունենա։ Ըստ Մարգար Օհանյանի, մյուս 3 ամբաստանյալների վրա ճնշում է եղել, եւ եթե նրանք չեն ուզում իրենք իրենց պաշտպանեն, ապա ես օգնել չեմ կարող: “Կարախանյանի, Լեւոնյանի նկատմամբ ճնշումներ են եղել, փաստաբանը տեղյակ է”,-ասաց Օհանյանը` մեկ անգամ եւս հայտարարելով, որ “ինքը սուտ չի խոսել”:
Իսկ այն հարցին, թե չի ցանկանում դիմել դատախազություն` քրեական գործ հարուցելու Ալիկ Սարգսյանի դեմ, ՃՈ նախկին պետը չհասցրեց պատասխանել: Դատավորը մտավ դահլիճ: