Ռուբիկի ասածներին լուրջ չի վերաբերվում
“Մեր բուհում աշխատում է 2800-ից ավելի մարդ եւ 6000 ուսանող է սովորում: Ես առաջին անգամ եմ լսում, որ ես նման գործունեությամբ եմ զբաղվում իմ ղեկավարած բուհում: Ես դա ընդամենը բնութագրում եմ որպես սուտ եւ կարծում եմ, որ պատիվ չի բերում մեծ ստեղծագործողին նման ստեր տարածելը”,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով երգահան Ռուբեն Հախվերդյանի հայտարարությանը, ասել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ ԳՄ անդամ Դերենիկ Դումանյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի հետ բանավեճի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը հայտարարել էր, թե իր խնամուն, որը բժիշկ է, ստիպում են ՀՀԿ-ական դառնալ, հակառակ դեպքում սպառնում են ազատել աշխատանքից: Ռուբեն Հախվերդյանը հայտարարել էր, թե բժշկականի ռեկտորն է այդպես վարվել, իսկ իր խնամուն անձամբ ասել է հայտնի վիրաբույժ Արտո Սահակյանը, ով Հախվերդյանի խոսքով, իր սանիկն է:
Ասուլիսի ընթացքում Հախվերդյանը զանգահարել էր իր խնամուն, նա էլ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ ժողով են արել եւ հայտարարել: ”Յեսիմ ով է հայտարարել”,-հեռախոսով փոխանցել էր Հախվերդյանի խնամին:
Henaran.am-ը զրուցել է նաեւ Արտո Սահակյանի հետ: Վերջինս ասաց, որ Ռուբեն Հախվերդյանի հայտարարության մեջ առաջին անճշտությունն այն է, որ ոչ թե ինքը, այլ իր որդին է երգահանի սանիկը: Արտո Սահակյանն ասաց, որ զրուցել է Արամ Վարդանիչի/Հախվերդյանի խնամին է.-խմբ/ հետ եւ վերջինս իրեն բացատրել է, թե խոսքը գնացել է Առողջապահության կազմակերպիչների ասցիացիայի մասին, որը հասարակական կազմակերպություն է:
“Ինչ վերաբերվում է հանրապետականացմանը, ընդհանրապես այդ մասին խոսք չի եղել: Ես ռեկտորի խորհրդականն եմ եւ անկուսակցական եմ: Իմ կարծիքով, եթե Դումանյանն էդպես ստիպող լիներ, ինձ էլ կասեր”,-Henaran.am-ին ասել է Արտո Սահակյանն ու հավելել.”Ես ոչ միայն հերքում եմ, այլեւ Ռուբիկի ասածներին լուրջ չեմ վերաբերվում: Ես այդ տղային էլ եմ հարցրել, մեր տրավմատոլոգն ասում է, որ ինքը նման բան չի ասել, ասել է ասոցիացիայի մասին”: