ԿԳ նախարարությունը օրենք է խախտում. ՄԻՊ
Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի ‘իրավագիտություն’ և ‘միջազգային հարաբերություններ’ մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։
Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:
Բացի այդ, ‘Կրթության մասին’ ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տաս տոկոսի սահմաններում:
Այս խնդրի կապակցությամբ Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում։
Այդուհանդերձ, նշված սահմանափակումը դիտարկելով որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը։