Բախշյանը վատ հոտ է առնում “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրենքից
Անկախ պատգամավոր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր խորհրդարանում “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց, թե տարօրինակ է նախագծի քննարկման հատուկ ռեժիմն ու հավելեց, որ այն պետք է ընդունվեր տարիներ առաջ:
Տիգրան Թորոսյանը տարօրինակ համարեց նաեւ այն, թե ինչ տեղի ունեցավ նախորդ նախագծի քննարկմանը, երբ նախագիծը կառավարության կողմից հետ կանչվեց:
Նրա համոզմամբ, լրամշակված տարբերակում կան ձեւակերպումներ եւ ավելացված բառեր, որոնք շատ լուրջ հետեւանքներ կարող են ունենալ: ”Ես ավելի քան համոզված եմ, որ Սահմանադրությունը լիարժեք հնարավորություն տալիս է այս ռեժիմն արդյունավետ կարգավորելու համար եւ Ազգային ժողովին տալիս է լիարժեք հնարավորություն` ամբողջությամբ վերահսկելու իրավիճակը”,-հայտարարեց Տիգրան Թորոսյանը ու հավելեց.
”Այստեղ ասում է, թե ինչ է նշանակում, որ նախագահը խորհրդակցում է ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ: Իհարկե, խորհրդակցել բառը ոչինչ չի պարտավորեցնում նախագահին, բայց վստահորեն կարող եմ ասել եւ նաեւ օրինակը ունենալով, որ հանրապետության նախագահը կարող է հաշվի առնել առաջարկություններ”:
Ըստ նրա, եթե ամբողջովին օգտագործվի Սահմանադրությամբ ԱԺ-ին տրված լիազորությունը, ԱԺ լիազորության հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա: Տիգրան Թորոսյանն ասաց, որ նախագիծը լուրջ լրամշակման կարիք ունի եւ մանրամասն ներկայացրեց առանձին հոդվածների վերաբերյալ իր դիտարկումները: Մասնավորապես, նա նշեց, որ զիված ուժերը չպետք է օգտագործել հավաքների կասեցման համար:
Տիգրան Թորոսյանի ելույթին հաջորդեց “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանի ելույթը: Տիկին Բախշյանն ասաց, որ Տիգրան Թորոսյանի ելույթը փոխեց իր ասելիքը: “ Ես ակնկալում էի, որ պարոն Թորոսյանը կպատմեր իր փորձի մասին, որպես ԱԺ նախագահ 2008-ի մարտի 1-ին և կասեր, թե ինչպես է նախագահը խորհրդակցել իրենց հետ”,-հայտարարեց Անահիտ Բախշյանը:
” Դուք ասացիք, որ առաջարկություններ եք արել, մի հատ մանրամասնեիք, թե ինչ առաջարկություններ եք արել, ընդունվել է, չի ընդունվել , և ընդհանարպես, ի՞նչ նշանակություն ունի այդ խորհրդակցել ասածը, եթե երեկվա իմ այն հարցին, թե, եթե հանկարծ լինի իրավիճակ և ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը տարբեր քաղաքական բանակներում լինեն, ով ում հետ, ինչպես պետք է խորհրդակցի, հստակ պատասխան չստացա”:
Տիկին Բախշյանն ասաց, որ խորհրդակցելը, ըստ էության նշանակում է նախագահի ընդունված որոշումն ի գիտութուն ընդունել: Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, թե որպես մարտի 1-ի ականատես, կարող է ասել, որ այս օրենքը իրավիճակը չի փոխելու, եթե մարտի 1-ի կրկնության փորձ կատարվի:
“Զինված ուժերը էլի մտնելու են, ինչպես մտան, ԶԼՄ-ները փակվելու են, ինչպես փակվեցին, լինելու է մի դժոխային վիճակ, էլի մարդասպանություն”,-հայտարարեց պատգամավորը ու հավելեց. “Եթե իշխանությունը պատրաստվում է ընտրություններին այս օրենքով, նշանակում է արտակարգ դրության է պատրաստվում: Շատ վատ նախանշան է : Շատ վատ հոտ է գալիս այս օրենքից, այս 24-ժամյա ռեժիմից , երիտասարդ բարեկամ պարոն Թովմասյանի` այս օրենքը ջերմեռանդ պաշտպանելուց եւ հատկապես պարոն Թորոսյանի ճառից”: