ԱՄՆ-ի կոնգրեսականները ելույթներ են ունեցել` հիշատակելով Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Գերի Փիթերսը, Հովարդ Բերմանը, Անա Իշուն եւ Ադամ Շիֆը ելույթներ են ունեցել Կոնգրեսում, որոնցում անդրադարձել են Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի ջարդերին Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում, տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
Այս 4 օրենսդիրները միացել են ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքներին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Վուլֆին եւ Ջուդի Չուին, որոնք նույն թեմային վերաբերող ելույթներ էին ունեցել ավելի վաղ:
Կոնգրեսականներն իրենց խոսքում մասնավորապես նշել են, որ հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ադրբեջանը շարունակ ավելացնում է իր ռազմական բյուջեն, դրան զուգահեռ նաեւ` իր ռազմատենչությունը հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի հանդեպ: Կոնգրեսական Հովարդ Բերմանը մեջբերել է Իլհամ Ալիեւի խոսքերը, երբ նա պարծենում է, որ “Ադրբեջանի ռազմական բյուջեն այժմ 20 անգամ ավելին է, քան 8 տարի առաջ, նույնիսկ ավելին, քան ամբողջ Հայաստանի բյուջեն”:
Կոնգրեսականներն ընդգծել են ջարդերի զոհերի հիշատակը պահելու կարեւորությունը, ինչպես նաեւ այն քայլերի ձեռնարկումը, որոնք թույլ չեն տա նման աղետների կրկնությունը:
Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է. “Մենք միանում ենք Հայաստանի բոլոր ընկերներին եւ շնորհակալություն հայտնում Կոնգրեսի յուրաքանչյուր անդամին, ով մասնակցել է Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերի զոհերի հիշատակի արարողություններին”: