Բուժել` ապահովագրությամբ
Հայաստանում թափ է հավաքում բժշկական ապահովագրությունը: Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում` զարգացման ներկայիս տեմպը ապահովվում է պարտադիրության հիմքով: Կառավարությունը մշակել է հանրային ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթ` 132 հազ. դրամի չափով, որից 52 հազ. դրամը պետք է լինի պարտադիր բժշկական ապահովագրություն:
Այդ գումարը հնարավորություն է տալիս պետծառայողին` ստանալ մինչեւ 3.8 մլն դրամի հիվանդանոցային ծառայություն: Ապահովագրական ընկերությունը երաշխավորում է, որ հիվանդանոցում ‘իրենց հիվանդը’ որեւէ այլ գումարային ծախս չի անի: Այդ մասին այսօր նաեւ հավաստիացրեցին ‘Ռոսգոսստախ Արմենիայի’ ներկայացուցիչները: Գործադիր տնօրենի տեղակալ Արտակ Անտոնյանն ասաց, որ հիվանդին իրենք են ‘տանում’ հիվանդանոց, իրենք էլ ‘դուրս են բերում’:
Ապահովագրական 7 ընկերությունների միջեւ լուրջ մրցակցություն է սկսել` 130 հազ. պետծառայողների պոլիսները ստանալու համար: Հիվանդանոցներն իրենց հերթին մրցում են, որ ապահովագրված հիվանդն իրենց մոտ գնա:
Եթե քաղաքացին ցանկանում է տարվա ընթացքում ստանալ անվճար բուժօգնություն ողջ ծավալով` ներառյալ նաեւ ատամնաբուժությունն ու ոչ հիվանդանոցային սպասարկումը, ապա պետք է ձեռք բերի ապահովագրական պոլիս մինչեւ 200 հազ. դրամի չափով: Եթե ապահովագրական պոլիսներ ձեռք են բերում խմբով ( ասենք` հիմնարկի կողմից), ապա մի շարք արտոնություններ են տրվում: Օրինակ` սոցիալական փաթեթի շրջանակներում բժշկական ապահովագրությունն ավելի նպաստավոր է, քան եթե նույն գնի սահմաններում դիմի անհատը: Այսպես` հանրային ծառայողները թեկուզ նվազագույն 52 հազարի սահմաններում ապահովագրվում են իրենց առկա հիվանդություններով հանդերձ, իսկ ահա անհատ քաղաքացու դեպքում նման արտոնություն չկա (ապահովագրությունը տրվում է միայն ապահովագրությունից հետո առաջացած հիվանդության համար):
Այնուամենայնիվ` ենթադրվում է, որ սոցիալական փաթեթի ընդլայնումը ողջ հասարակության շրջանում կստեղծի հետաքրքրություն ապահովագրության հանդեպ