Նախագահը մոտեցավ իրեն սպասողներին /վիդեո/
ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ, ՀՀԿ գործադիր նիստից հետո մոտեցավ Բուզանդի փողոցի բնակիչներին, ովքեր հավաքվել էին շենքի առջեւ ու տեսնելով նախագահին` սկսեցին բացականչել “ապաստան, ապաստան”: Բնակիչները նախագահին մեկ անգամ եւս ներկայացրին իրենց բնակարանային խնդիրները:
Ըստ բնակիչների, իրենք պայմանագիր ունեն, որ շենքը կառուցելուց հետո իրենց պետք բնակարաններ հատկացնեին, սակայն շենքը կառուցվել է, բայց իրենց բնակարաններով չեն ապահովել: Նախագահն ասաց, որ իրականում ավելի շատ մարդկանցից են փող վերցրել, քան բնակարաններն են:
Ս. Սարգսյանը ասաց, որ հարցը օրակարգում է, քննարկման փուլում է, եւ տարբերակ լինելու պես` խնդրին լուծում կտրվի: “Տարոն Մարգարյանը ձեզ կհրավիրի, կներկայացնի տարբերակները, երբ լինեն”,-ասաց նախագահը:
“Քաղաքապետը լավ է աշխատում, շաբաթը երկու անգամ մենք նրա մոտ ենք, գոհ ենք”,-նկատեցին բնակիչները: “Այ տեսնում եք, գոնե մեր երկրում մի լավ բան կա, բայց մի երկու շաբաթ հետո էլ կարող է Տարոնից բողոքեք”,-հակադարձեց նախագահը: “Չէ, եթե մարդը լավ բան ա անում, ո՞նց դժգոհենք”,-զրույցը եզրափակեցին բողոքավորները:
Հայաստանի նախագահի եւ Բուզանդի փողոցի բնակիչների մտերմիկ զրույցի մանրամասները` տեսանյութում:
Նախապես հայցում ենք ընթերցողի ներողամտությունը` տեսագրման որակի համար: