‘Շատ ավելի անբարոյական են այն մարդիկ, ովքեր չեն ժխտում Ցեղասպանությունը …’. թուրքագետ
‘Թուրքական արձագանքները, թե Ֆրանսիան կայացրեց Ֆրանսիային վայել որոշում, ես չեմ կիսում, դա Ֆրանսիային վայել որոշում չէր’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով դեռ Սենատի հայանպաստ որոշումից հետո չէր կիսում հայերի ոգեւորվածությունն այն պարզ պատճառով, որ այս ամենը քաղաքականություն է: Նրա խոսքով` պետք է սառը դատողությամբ մոտենալ քաղաքական հարցերին, եւ հաղթանակն ու հուսախաբությունը պատճառ չեն, որ հայերը էմոցիոնալ մոտեցում ցույց տան:
Հիշեցնենք, որ 2011թ հուվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում էին ներկայացրել: Եվ ահա 2012թ փոտրվարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Անուշ Հովհաննիսյանը մեջբերեց ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեվեջյանին, որ Ֆրանսիայի Սահմանադրական Խորհրդի որոշումը ‘իրավական առումով զարմանալի , խճճված ու փխրուն որոշում էր’: Թուրքագետը համոզված է` Սահմանադրական Խորհրդի 8 անդամների վրա իրենց ազդեցությունն են ունեցել նաեւ աշխարհի խոշոր խաղացողները, օրինակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքը, թե Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում է:
‘Շատ ավելի անբարոյական են այն մարդիկ, ովքեր չեն ժխտում այդ փաստը, որ եղել է ցեղասպանություն, սակայն հասկացնում են, որ քաղաքական առումով այս պահին իրենց նպատակահարմար չէ ընդունել կայացնել նման որոշում’,- ասաց Անուշ Հովհաննիսյանը` հավելելով, որ հիմա Հայաստանի անելիքը պետք է լինի չհիասթափվել, մշակել սեփական քայլերն ու քաղաքականությունը, միշտ ակտիվ գործել, այլ ոչ թե լինել միայն պատասխանողի ու պաշտպանվողի դերում:
‘Մենք հիմա պարտավոր ենք թեկուզ քիչ ուժերով, բայց համակարգված ու համառ հանդես գալու ‘,- եզրափակեց թուրքագետը: