“Վերնիսաժ”-ի 100 դրամանոց “բազարը”
Երեկ Henaran.am-ի հետ զրույցում Վերնիսաժում առեւտուր անողները դժգոհեցին, որ տեղի համար վճարում են 600 դրամ, բայց կտրոնի վրա նշվում է 500 դրամ:
Ըստ նրանց, Վերնիսաժի “տերերը” կոպիտ ձեւով են պատասխանում իրենց հարցին, երբ փորձում են պարզել, թե ինչու են 100 դրամ ավել գանձում: “Սա է ձեւը, եթե չեք ուզում մի եկեք”,-պատասխանել են նրանց:
Henaran.am-ի հետ զրույցում “Վերնիսաժ” տոնվաճառի տնօրինությունը հերքեց, որ ավել գումար է գանձվում “1 քմ-ի համար վճարում են 300-1000 դրամ: Հաշվի առնելով, որ սոցիալապես անապահով խավն է նաեւ օգտվում տոնավաճառի տարածքից` զեղչեր արվում են”,-ասաց տոնավաճառի փոխտնօրեն Պավլիկ Գուրօղլյանը:
Նա տեղեկացրեց, որ 100 դրամ վճարողին էլ 500 դրամանոց կտրոն են տալիս: “Փաստորեն մեկը մյուսին լրացնում է, քանի որ մեզ մոտ 500 եւ 1000 դրամանոց կտրոններ են: Այս դեպքում 2քմ տարածքի համար վճարվել է 600 դրամ”,-ասաց Պ.Գուրօղլյանը: Վերջինիս խոսքով, միայն այս տարի 150 մլն դրամի ներդրում է արվելու “Վերնիսաժ”-ում: Բարեկարգվելու, կանաչապատվելու է տարածքը, կառուցվելու են տաղավարներ:
Իսկ տոնավաճառի տարածքի ներքեւի մասում այլ ապրանքներ վաճառողներին արգելվելու է առեւտուր իրականացնելը: “Տոնավաճառը պետք է ծառայի իր նպատակին: Այսինքն “Վերնիսաժ” այցելողը պիտի տեսնի, հաճույք ստանա արվեստի գործերից, իհարկե նաեւ` գնի: Հազարավոր տուրիստներ են տարին կլոր գալիս այստեղ: Մենք նրանց պիտի մեր երկրի մշակույթը ցույց տանք: Նրանք պիտի համոզվեն, որ հայերս արհեստ ու արվեստ սիրող, գնահատող ժողովուրդ ենք”,-ասաց Պ. Գուրօղլյանը: