“Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում”. Վարդան Այվազյան-Արմեն Մարտիրոսյան բանավեճից
“Իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է եւ բոլորը պետք է կողմոնորշվեն ըստ նրա քայլերի”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, ՀՀԿ-ն այսօր ցույց է տալիս համաժողովրդական միասնական կառավարման մոդելի կիրառումը եւ պատահական չէ, որ ՀՀԿ-ն դոմինանտ է քաղաքական գործընթացներում:
“Մենք կարողանում ենք մշտապես վերցնել պատասխանատվությունը, երբ մեզ քննադատում են, չենք ասում` սա մենք չենք արել, բայց լավն էլ է մերը”,-ասաց նա: Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի ընտրապայքարը առավելապես ընթանալու է ոչ թե ընդդիմության, այլ ԲՀԿ-ի հետ, Վարդան Այվազյանը պատասխանեց.
”Խոսենք փաստերով. ՀՀԿ-ն ԱԺ-ում ներկայացված է բացարձակ մեծամասնությամբ: Չնսեմացնելով ԲՀԿ-ի հնարավորությունները, ասեմ, որ նրա նշաձողը եւս պետք է ՀՀԿ-ն լինի”: Վարդան Այվազյանը հավելեց, թե ցանկացած կուսակցություն պայաքարում է իր քվերների համար: “Մենք պայքարում ենք ունենալ ժողովրդի վստահության այն ռեսուրսը, որը հնարավորություն կտա հետագա հինգ տարիներին ունենալ ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական իրավունք”,-ասաց Այվազյանը:
Նրա հավաստիացմամբ, ՀՀԿ-ն որեւէ մեկի դեմ պայքարելու խնդիր չունի: “ Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում”,-հայտարարեց Վարդան Այվազյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը “Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյան էլ Սեւակին հիշեց ու հայտարարեց, թե իրենք էլ կարող են ադամանդ դառնալ: Վարդան Այվազյանը նկատեց, թե պետք չէ բանաստեղծական տողերով խոսել:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀԿ-ի ներկայացնելիք ցուցակն իր խնդիրն է, բայց ՀՀԿ-ն պատասխան է տալիս ոչ միայն համամասնական ցուցակի այլեւ մեծամասնական տեղերի համար, որովհետեւ միակ քաղաքական ուժը նա է, որ կողմ է այդ համակարգին: “Թող չասեն մեր համամասնական ցուցակը մաքուր պուպուշ ցուցակ է, տեսենք թե ովքեր են առաջադրվում մեծամասնականով` կրիմիալները, գործարարները”,-նկատեց Մարտիրոսյանը ու հավելեց, որ այս թեկանածությունները ՀՀԿ-ի պատասխանատվության տակ են:
Ինչ վեարբերվում է ՀՀԿ-ի դոմինանտ լինելուն, Արմեն Մարտիրոսյանն ասաց.”Ամբողջովին համաձայն եմ, բայց դոմինանտ է ինչո՞ ւմ` արտագաղթի հարցում, մոնոպոլիաներրի, սոցիալական վատթար վիճակի համար արդյո՞ ք դոմինանտը ՀՀԿ-ն չի”: Ինչ վերաբերվում է հարցին, թե պայքարը կգնա իշխանության ներսում թե իշխանություն-ընդդիմություն դաշտում, “Ժառանգության” պատգամավորն ասաց.
“Մի քանի ամիս առաջ ակնհայտ էր, որ իշխանության ներսում է լինելու, բայց այսօր ուրվագծվում է, որ պայքարը դասական ուղով է ընթանալու` ընդդիմության հետ, ի դեմս “Ժառանգության”, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի,”Ազատ դեմոկրատների”: Արմեն Մարտիրոսյանն ասաց նաեւ, որ իշխանությունները ուղղակի փորձելու են իրարից ձայն տանել, նույնը նաեւ ընդդիմության ներսում է լինելու: