15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Հովակիմյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

Ձեւավորված ավանդույթի համաձայն` մարտի 2-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Դատական դեպարտամենտի ղեկավարության մասնակցությամբ, ՀՀ վարչական դատարանի դատավորներին ներկայացրեցին նորանշանակ դատավորին:

Դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձեւաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող մի շարք հարցեր: Այս հանդիպմանը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Վարչական դատարանի դատավորների հետ քննարկեց մի շարք կազմակերպչական հարցեր:

Ընդգծելով դատարանի ծանրաբեռնվածությունը՝ Վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ 2010 թվականի համեմատությամբ 2011 թվականի ընթացքում Վարչական դատարանի գործերն ավելացել են ավելի քան 43 տոկոսով եւ սա այն դեպքում, երբ Վարչական դատարանի դատավորների կազմը կրճատվել է 3 դատավորով: Յուրաքանչյուր դատավորի վարույթում 2011թ. ընթացքում եղել է ավելի քան 1200 վարչական գործ եւ 7000 վճարման կարգադրություն: Գործերի նման ծավալների արդյունքում դատավորները ստիպված են լինում դատաքննություններ նշանակել հայցադիմումներ ստանալուց ամիսներ անց, քանի որ, թեկուզ ֆիզիկապես, հնարավոր չէ այդ գործերն ավելի շուտ քննել: Գաղտնիք չէ նաեւ, որ նման ծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար ազդել դատական ակտերի որակի վրա:

Սրան զուգահեռ գործերի ավելացման աննախադեպ տենդենցը նկատելի է նաեւ 2012թ. առաջին երկու ամիսների ընթացքում: Միայն 2012թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչական դատարան է մուտքագրվել 1798 վարչական գործ, իսկ 2011թ. նույն ժամանակահատվածում մուտքագրված գործերի քանակը կազմել է 877: Այսինքն, միայն այս երկու ամիսներին ծանրաբեռնվածությունը կրկնակի աճել է, ինչն իր հետ կբերի Վարչական դատարանի դատավորների նույնքան ծանրաբեռնվածության ավելացման: Նույն պատկերն է նաեւ վճարման կարգադրությունների վարույթներում: 2011թ. առաջին երկու ամիսներին Վարչական դատարանի դատավորներն ստացել են 8042 վճարման կարգադրության գործեր, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է 16409-ի:

Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միաժամանակ հայտնեց, որ հաշվի առնելով Վարչական դատարանի նշված գերծանրաբեռնվածությունը` ներկայումս քննարկվում է Վարչական դատարանի դատավորների քանակի ավելացման հնարավորությունները, ինչն անպայման կնպաստի դատարանի արդյունավետ եւ բնականոն աշխատանքին:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, փաստելով, որ իրականում կատարվել է արդյունավետ աշխատանք, դատավորների ուշադրությունը հրավիրեց դատական պրակտիկայում հաճախ հանդիպող մի շարք թերությունների: Խորհուրդ տրվեց չափազանց ուշադիր լինել հատկապես հայցի ապահովման միջոցներ կիրառելիս, ժառանգության գործեր քննելիս, հատկապես՝ նոտարական գործողությունների վիճարկման լույսի ներքո այնպիսի վեճեր վարույթ ընդունելուց, որոնց հիմքում ըստ էության ընկած են ժառանգական իրավահարաբերությունների ոլորտում ժառանգների միջեւ ծագած վեճեր, քանի որ նման գործերը չեն մտնում Վարչական դատարանի իրավասությունների մեջ: ‘Հորդորում եմ զերծ մնալ նաեւ դրամական միջոցների վրա արգելանքների կիրառման այնպիսի դեպքերից, որոնք կարող են կազմալուծել առեւտրային ընկերությունների գործունեությունը, հատկապես, եթե դրանց չկիրառումը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտերի կատարումը’, – հայտնեց Ե.Խունդկարյանը:

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների ուշադրությունը հրավիրեց եւ հորդորեց բացառել այն դեպքերը, երբ վճիռներում դատավորը գնահատական է տալիս այնպիսի իրավահարաբերության, որը դուրս է Վարչական դատարանի լիազորությունների շրջանակից:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ դատական դեպարտամենտի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ