Է. Շարմազանովը Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալի հետ քննարկել է ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր
Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 6-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:
Է. Շարմազանովը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք եւ վճռականություն` երկրում ապահովելու ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը:
ԱԺ փոխնախագահն ու Էրիկաս Տամաշաուսկասը անդրադարձել են տարածքային անվտանգության հարցերին:
ԼՂ հակամարտության առնչությամբ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալը նշել է, որ կարեւորում է հակամարտության կարգավորումը` ամրագրված 3 հայտնի սկզբունքների հիման վրա` ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը հնարավոր չէ լուծել:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրատեսական չեն հարեւան Թուրքիայի կողմից եվրոպական ընտանիքին ինտեգրվելու նկրտումները, քանի դեռ Թուրքիան Հայաստանի հետ փորձում է շփվել նախապայմանների լեզվով: Այս երկիրը, շարունակելով փակ պահել հայ-թուրքական սահմանը, իրականացնում է ժխտողական քաղաքականություն` շրջափակման ենթարկելով հարեւան երկրին:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից