Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԺԿ նախագահի հետ
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ հանդիպումները լավ առիթ է համարել միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր եւ գաղափարներ փոխանակելու, նաեւ Հայաստանի եվրամերձեցման քաղաքականության առաջընթացն ու գլոբալ առումով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները եւ խնդիրները քննարկելու համար:
Հանրապետության ղեկավարը հանդիպման պատեհ առիթն օգտագործելով ՝ եւս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել ԵԺԿ-ին հայաստանյան մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամակցության գործում պարոն Մարտենսի անձնական աջակցության համար, նշելով, որ համաեվրոպական մեծ ժողովրդավարություն վայելող ԵԺԿ-ին անդամակցելը հայաստանյան կուսակցությունների համար եվրոպական քաղաքական դաշտին լիարժեք ինտեգրման գործում մեծ խթան կհանդիսանա:
Հանդիպմանը Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ԵՄ երկխոսությանը, մի շարք ուղղություններով եվրոպական կառույցների հետ հաջողությամբ իրականացվող համագործակցությանն ու մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, իր բրյուսելյան աշխատանքային այցի արդյունքներին, տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին, ինչպես նաեւ առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին: ՀՀ նախագահը եւ ԵԺԿ նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել ընտրությունները եվրոպական չափանիշներին հարիր անցկացման հարցում ԵԺԿ-ի հարուստ փորձի օգտագործման եւ խորհրդատվական աջակցության վերաբերյալ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վիլֆրիդ Մարտենսին՝ այդ հարցում եւս աջակցության պատրաստակամության համար:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից