Տարոն Մարգարյանը մասնակցել է մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ‘Սուրբ Աստվածամայր’ բժշկական կենտրոնի մանկական կրծքային վիրաբուժության բաժանմունքի վերաբացմանը։ Բաժանմունքն այսուհետ կկրի Հայաստանում մանկական վիրաբուժության դպրոցի հիմնադիրներից մեկի`բժկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալբերտ Վանյանի անունը, ում եւ վերապահվեց քաղաքապետի հետ միասին բաժանմունքի պաշտոնական բացման պատիվը: Հիմնադրման օրից` 1982 թվականից մինչ օրս, բաժանմունքը, որն ի դեպ իր տեսակով միակն է հանրապետությունում, երբեւէ չի նորոգվել: Այստեղ տարեկան բուժվում է ավելի քան 400 հիվանդ, կատարվում է շուրջ 300 վիրահատություն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաների հետ շրջել եւ ծանոթացել է բաժանմունքի տարբեր սրահների ու հիվանդասենյակների տեխնիկապես վերազինված եւ անհրաժեշտ պարագաներով կահավորված պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքում աշխատանքը վերսկսելու կապակցությամբ`քաղաքապետն ընգծել է բժշկական կենտրոնի կարեւոր դերակատարումը նաեւ հանրապետության մասշտաբով:
‘Իհարկե, շատ կցանկանայինք, որ մեր երեխաները առողջական խնդիրներ երբեւէ չունենան, բայցեւ բուժման անհրաժեշտության դեպքում կարեւոր է, որպեսզի այն իրականացվի բարձրակարգ մասնագետների կողմից եւ, որ ոչ պակաս կարեւոր է, ամբողջովին նորոգված եւ հարմարավետ պայմաններում’,- նշել է Տարոն Մարգարյանը:
Վերանորոգման եւ անհրաժեշտ գույքի ձեռքբերման համար բժշկական կենտրոնը սեփական միջոցներից հատկացրել է ավելի քան 116 մլն դրամ:
Երեխաների համար հաճելի մթնոլորտի ստեղծման նպատակով բաժանմունքի ձեւավորման աշխատանքներին ներգրավել են նաեւ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները:
Քաղաքապետը շրջել է նաեւ բժշկական կենտրոնի տարբեր բաժանմունքներով եւ, բուժվող մանուկներին մաղթելով շուտափույթ ապաքինում, նվերներ է հանձնել:
Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից