Դիզայներ Արեւիկ Սիմոնյանը բացահայտում է նորաձեւության համաշխարհային եւ հայկական թարմ միտումները
‘Ձմեռվա շնչից հետո կանանց զգեստապահարանն էլ զարթոնք է ապրում, եւ այս գարուն նորաձեւ կլինեն առօրյայում թեթեւ կիսաթափանցիկ զգեստները, իսկ գույներից` աչք շոյող վառ գույները, հատկապես դեղինը եւ ոսկեգույնը’,- Henaran.am-ի հետ զրույցում դիզայներ-մոդելավորող Արեւիկ Սիմոնանն անդրդարձավ նորաձեւության վերջին տենդենցներին:
Նրա խոսքով` թե միջազգային, թե հայաստանյան նորաձեւության մեջ աքսեսուարներից շատ ակտուալ են ոսկեգույն եւ մետաղական խոշոր ակսեսուարները, եւ այսպես կոչված ‘անհամադրելին համադրելիի հետ’ տենդենցը, օրինակ` թեթեւ զգեստը` մետաղյա զարդերի հետ:
Արեւիկ Սիմոնյանը նշեց, որ երեկոյան զգեստների պարագայում շատ նորաձեւ են խիստ ընդգծված կոնքերով ու ժանյակներով զգեստները:
‘Հայկական նորաձեւության մեջ յուրահատկություններ կան, որոնք անգամ կախված չեն միջազգային նորաձեւության ազդեցությունից, օրինակ հայ կանանց զգեստապահարանում դեռ գերիշխող են սեւ եւ կարմիր գույները: Կանայք սգո արարողությանն էլ կարող են սեւ զգեստ հագնել, հարսանիքին էլ’,- ասաց Արեւիկ Սիմոնյանը` հավելելով, որ հայ կանանց մոտ դեռ չի ստացվում տարբերակել երեկոյանը ամենօրյայից: Հայ աղջիկները կարող են ճոխ բարձրակրունկ կոշիկներով գնալ եւ սովորական սրճարան, եւ ինչ-որ գլամուրային երեկույթ:
Դիզայներն ընդգծեց, որ անկախ աշխարհագրական դիրքից եւ նորաձեւության ազդեցությունից, կարեւորը կնոջ մեջ կանացիությունն է, եւ ողջունելի չէ, երբ հայ կանայք ‘կաշվից դուրս են գալիս’ նորաձեւ լինելու համար:
‘Կուզենայի, որ հայ կանայք լինեին առավել ինքնավստահ եւ համարձակ, թեեւ այս հատկանիշներն էլ հաճախ ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից, եւ կարող է վուլգար դիտվել: Ամեն դեպքում պետք է միշտ հիշել, որ գեղեցիկ է նայվում այն հագուստը, որը դուր է գալիս հենց իրեն` կնոջը, եւ որը հարմարավետ է’,- եզրափակեց Արեւիկ Սիմոնյանը: