Ամերիկյան սենատորները պահանջում են Թուրքիային վերադարձնել քրիստոնեական եկեղեցիները եւ չխոչընդոտել հայ եւ հույն համայնքների շփմանը

Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ-ի Հայ Դատի գրասենյակից, ամերիկյան սենատորներ Սքոտ Բրաունը, Դայան Ֆայնշտայնը եւ Մարկ Քըրքը պահանջել են Թուրքիայից վերադարձնել հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատություն ապահովել:
Համապատասխան բանաձեւի նախագիծը նրանք ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին, որում վերջինիս կոչ են արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
Ըստ բանաձեւի` Թուրքիան պարտավոր է վերադարձնել բոլոր բռնագրաված եկեղեցիները եւ դրանց գույքը, ինչես նաեւ մատուռները, մենաստանները, դպրոցնրը, հիվանդանոցները, հուշարձանները, սրբատեղիները եւ այլ սեփականություններ, այդ թվում` հանդերձանքներ, ձեռագրեր, ձեռքի աշխատանքներ:
Սենատորները նաեւ պահանջում են, որ Թուրքիան չխանագարի հայ եւ հույն համայնքների հանդիպումների, կրոնական հավաքների եւ միջոցառումների անցկացմանը:
Այլ կերպ ասած` Թուրքիայի կառավարությունը պարտավոր է կատարել իր միջազգային պարտականությունները եւ վերացնի քրիստոնեաների կրոնական ազատության նկատմամբ հետապնդումները:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր շնորհակալությունն է հայտնել ամերիկացի սենատորներին: