16 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերադարձ դեպի սովորական հայ մարդը. ինչպես կընկալվի` փոխվելու նախագահական ուղերձը

ՀՀ նախագահը ՀՀԿ 13-րդ համագումարում իր  ընդարձակ եւ շրջադարձային ելույթում եւս մեկ անգամ արժեւորեց ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, ցույց տալով, որ  երկրի բռնած եվրաինտեգրման կուրսը եւ ՀՀԿ գաղափարախոսությունը հակադիր բեւեռներում չեն, ի հեճուկս մի շարք  “վայ” քաղաքական գործիչների, ովքեր փորձում են ՀՀԿ գաղափարախոսությունը այլ կերպ մեկնաբանել: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը`գաղափարական առումով մեկնաբանելով ՀՀԿ 13-րդ  համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:

Նրա համոզմամբ` ՀՀԿ գաղափարախոսությունը միանգամայն ընկալելի է ԵՄ համար, եւ հակառակը, ԵԺԿ-ն, որին վերջերս անդամակցեց ՀՀԿ-ն, լինելով Եվրոպայի ամենամեծ կուսակցությունը, որդեգրում է հենց ազգային պահպանողական գաղափարական արժեհամակարգը, այն է` ընտանիք, ազգային ավանդույթներ:

Ըստ պատմաբանի, ՀՀԿ համագումարը եւս փաստեց, որ “Հանրապետական” կուսակցությունը հավատարիմ է այդ արժեհամակարգին, միաժամանակ հայացքը ուղղելով դեպի  Եվրոպայի այն արժեհամակարգը, որը համադրելի է Հայաստանի ազգային-պահպանողական արժեհամակարգի հետ:

Նրա խոսքով` այդ մասին փաստեց նաեւ ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի ելույթը, թե Եվրոպան ինչպիսի վերաբերմունք ունի եւ Հայաստանի,  եւ մասնավորապես երկրի քաղաքական վերնախավի նկատմամբ:

‘’Դա յուրօրինակ ուղերձ էր այն մարդկանց եւ ուժերին, ովքեր փորձում են հակասականություն տեսնել կամ որոշակի ծայրահեղ հետեւություններ անել ՀՀԿ որդեգրած գաղափարախոսության հետ կապված: Այդ հետեւություններն արվում են ներքաղաքական նպատակներով եւ փորձ անելու Եվրոպային մոլորության մեջ գցել  կամ  փորձել ծայրահեղ ֆաշիստական եւ այլ երանգավորումներով ներկայացնել ՀՀԿ գործունեությունը’,- կարծիք հայտնեց Էդգար Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի առաջ քաշած ‘’Հավատանք, որ փոխենք’’ կարգախոսի մեկնաբանությանը, Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ առհասարակ ցանկացած գործ սկսելուց առաջ, եթե մարդը չի հավատում դրա արդյունավետությանն ու վերջնական նպատակին, ապա չպետք է ձեռնարկի այդ գործը: Իսկ երբ կա հավատ, ուրեմն կա նաեւ ներքին կամք, վճռականություն` ինչ-որ բան դեպի լավը փոխելու:

‘’ Մեր կյանքի բոլոր ոլորտներում` սկսած տնտեսականից  վերջացրած ներքաղաքականով, բարփոխելու շատ բաներ կան, եւ ՀՀԿ-ն նախագահի գլխավորությամբ, վճռական է` առաջիկայում իրականացնել այդ բարեփոխումները’’,- ասաց Էդգար Հովհաննիսյանը:

“ՀՀԿ-ում կա այդ միտումը`  կարեւոր պաշտոնները վստահել երիտասարդներին, ըստ երեւույթին,  նախընտրական ցուցակում էլ կլինեն շատ երիտասարդներ, իսկ  փոփոխությունները կընդգրկեն կյանքի բոլոր բնագավառները, եթե ժողովուրդը հավատա ու վստահի “Հանրապետական” կուսակցությանը,-նկատեց երիտասարդ փորձագետը:

Ինչպես կընկալեն փոխվելու նախագահական ուղերձը այն պաշտոնյաները կամ օլիգարխները, որոնց անձնական շահի տեսնկյունից միգուցե ձեռնտու չլինի փոփոխության գաղափարը հարցին,  Էդգար Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ պետական մտածելակերպ ունեցող գործչի համար պետական շահը միշտ էլ գերադասելի է նեղ անձնական շահերից:

‘’Պետական շահը, իհարկե, կստիպի որոշակի կարծրատիպեր կոտրել. նախագահի ելույթում հստակ ուղերձ կար, որ մենք վերադառնում ենք դեպի մարդը, դեպի անհատը, այսինքն` բարեփոխումներն ուղղված են լինելու դեպի հասարակ քաղաքացին, եւ առաջիկա ժամանակահատվածում բարեփոխումների անմիջական արդյունքը զգալու է սովորական հայ մարդը:

Միշտ էլ ցանկացած բարեփոխում ռիսկ է պարունակում, իսկ  ով ռիսկի չի դիմում, նա չի կարող պատմական կարեւոր շրջափուլում իր դերակատարությունն ունենալ: Այնպես որ պետք չէ տուրք տալ անձնական եւ կլանային շահերին’’,-  եզրափակեց ՀՀ Ազգային արխիվի փոխտնօրենը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ