20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ինչպե՞ս թույլ տվեց մի ամբողջ ժողովուրդ, որ իր երգչին սպանեն …

Չարենցի տեսակի կարիքն այսօր շատ ունենք, առավել, քան երբեւէ, որովհետեւ Չարենցը նախեւառաջ շատ համարձակ քաղաքացի էր, մարդ, ով միշտ գերադասում էր հանրության շահը իր անձնական շահից, եւ չկոտրվեց այնպիսի բիրտ բյուրոկրատական մեքենայի առաջ, ինչպիսին ստալինյան վարչակարգն էր: Henaran.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց Եղիշե Չարենցին Գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Ավիկ Իսահակյանը:

Նա նշեց, որ պատրատվում է մի նոր հատոր, որը կներկայացնի 20-րդ դարի գրաքննադատական միտքը  Չարենցի մասին: Գրականագետն ընդգծեց Չարենցի գործերի թարգմանության անհրաժեշտությունը, քանի որ աշխարհը լավ չի ճանաչում նրան, “պետք է, որ աշխարհը այդ հանճարին ավելի լավ ճանաչի”:

‘’ Նա  կյանքի գնով իր ճշմարտությունը առաջ տարավ, երբեք չզղջաց իր արածի համար, եւ իր մահն էլ ընդունեց պարզ ճակատով: Նրա մահը դա մեծագույն ողբերգություններից մեկն էր, որ եղավ 20-րդ դարի հայոց պատմության մեջ: Ինչպես թույլ տվեց մի ամբողջ ժողովուրդ, որ իր երգչին սպանեն: Այո, բառի բուն իմաստով, թույլ տվեց, չպաշտպանեց, քանի որ այդ ժամանակ բոլորը վախեցած էին’’,- կարծիք հայտնեց Ավիկ Իսահակյանը:

Նրա խոսքով` Չարենցի բանաստեղծությունները ոչ թե ուղղակի բանաստեղծություններ էին, այլ ստեղծված էին ժողովրդի համար, այսօրվա համար : Ըստ գրականագետի, Չարենցը  նորարար մտածող  էր ոչ միայն հայկական, այլ` համաշխարհային մասշտաբով: Նա կարողացավ հեղափոխություն անել ավանդական բանաստեղծության ձեւի մեջ` այն հարմարեցնելով ժամանակի պահանջներին : Այն, ինչ 19-րդ դարավերջին արեցին Թումանյանն ու Իսահակյանը, Չարենցն արեց 20-րդ դարի 20-30-ական թթ-ին: Չարենցի պոեզիան ինտելեկտուալ պոեզիա էր, որը խոսում էր ոչ այնքան մարդու ներաշխարհի, որքան մարդու ինտելեկտի հետ: Նրան հաջողվեց տալ իր ժամանակի ողջ փիլիսոփայական պատկերը:

‘’Եվ  Չարենցից հետո որքան փորձեր արվել են` ներառյալ Պարույր Սեւակ, եւ նոր ժամանակների բանաստեղծներ, միեւնույն է` նորարարական իմաստով ոչ ոք չի կարողացել գերազանցել Չարենցին’’,- վերլուծում է Ավիկ Իսահակյանը` հավելելով, որ այսօր ճգնաժամ կա ոչ միայն հայկական գրական աշխարհում, այլ նաեւ համաշխարհային գրական աշխարհում :

‘’Այսօր համաշխարհային մասշտաբով չկան այն գրական մեծերը, որոնք դեռ 20 տարի առաջ մեր կողքին են եղել: Կարծեք թե այս դարը պաեզիայի դար չէ’’,- ասաց գրականագետը:

Անդրադառնալով այն մտահոգությանը, որ այսօր գրական աշխարհը չունի եւ հայտնի էլ չէ, թե երբ կունենա նոր չարենցներ, Ավիկ Իսահակյանը կարծիք հայտնեց, որ ամեն անգամ չէ, որ ժամանակը հանճար կարող է ծնել: Նրա խոսքով` դարասկզբին ունեցանք  Իսահակյան, Թումանյան, Չարենց, Տերյան, Շիրազ, Համո Սահյան, Սիամանթո, Սեւակ, Մեծարենց, Վարուժան, կարծես թե դատարկվեց 20-րդ դարը, պարպվեց, հետո իհարկե եղան պոետներ, բայց վերոնշյալ հերթափոխի պես պոետներ չեկան, երեւի ժամանակ է պետք, մինչ նոր շունչ կառնի հայկական պոեզիան:

‘’Իհարկե համոզված եմ, որ նոր Չարենց չի լինի, բայց կարող է ի հայտ գալ մի նոր տաղանդ , որը կունենա Չարենցի քաղաքացիական համարձակության նման համարձակություն եւ բնատուր տաղանդ, դա ողջունելի կլինի բոլորիս կողմից, եւ հավատացնում եմ ձեզ, որ բոլորս սպասում ենք նման բանաստեղծի հայտնվելուն’’,- եզրափակեց Ավիկ Իսահակյանը:

Հիշեցնենք, որ այս տարի լրանում է հայ մեծանուն գրողի 115-ամյակը, գրական գործունեության 100-ամյակը. տարին հայտարարված է չարենցյան: Այսօր` Չարենցի ծննդյան օրը մեկնարկեցին չարենցյան գլխավոր միջոցառումները: Կրթության և գիտության նախարարությունը, Գրողների միությունը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպեցին մի շարք միջոցառումներ ` նվիրված մեծանուն գրողին: Առավոտյան թանգարանից աշակերտները, մտավորականները քայլարշավով շարժվեցին դեպի Չարենցի հուշահամալիր, որտեղ սկսվեց  պոեզիայի տոնը ու շարունակվեց տուն-թանգարանում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ